Նախընտրական շրջանը, ինչպես եւ կարելի էր ենթադրել նաեւ քաղաքական վերադասավորումների, դիրքորոշումների ճշգրտումների շրջան է լինելու։
Եվ ահա «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը հեռանում է կուսակցությունի։ Այդ մասին նա օրերս գրել էր իր ֆեյսբուքյան էջում․«Իրադարձությունների սրընթաց զարգացումը հանգեցնում է ճշմարտության, բարդ քայլ կատարվեց, արտակարգ իրավիճակը բացահայտում է համակարգի խնդիրները, որոշում կայացրի հեռանալու «Ժառանգությունից», դադարեցնում եմ իմ անդամակցությունը բոլոր կարգավիճակներով, բայց հետևում երկու տարի անկեղծ փորձ էր գործելու. պետության համար վճռորոշ պահ է ռազմավարական և մարտավարական տարաձայնությունները ակներև են: Ես «Ժառանգություն» մտել եմ, երբ կուսակցությունը քաղաքական գործընթացներից դուրս էր, ընկած, Րաֆֆի Հովհաննիսյանը դա ընդգծեց, որոշումը գաղափարական էր: Բայց կուսակցությունը գործչի դրսևորման դաշտ պետք է լինի, ոչ թե ընկճման: Ընտրություններին չմասնակցել, մասնակցել, չմասնակցել, միայնակ, բոլորն իրենց դավել են, եկել, հեռացել են, խաբել: Քայլողը կարող է սխալվել, ոչինչ չանողը ի սկզբանե սխալվում է: Ընտիր գործընկերներ եմ ձեռք բերել, շնորհակալ եմ: Առաջ Աստված»,-գրել էր «Ժառանգության» արդեն նախկին փոխնախագահը:
Դատելով նրա գրառումից, կուսակցության ներսում է եղել խնդիր ընդհանուր կուսակցական ռազմավարության կամ քաղաքական գծի հետ, հատկապես՝ առաջիկա ընտրություններում «Ժառանգության» մասնակցության։ Ու քանի որ Դիլբարյանը որոշել է, որ պետք չէ ընկճվել եւ տատանվել, այլ պետք է գործել, ապա որոշել է քաղաքական կարիերան շարունակել «Ժառանգությունից» անջատ, իսկ ավելի կոնկրետ՝ կան տեղեկություններ, որ նա հանդես կգա նախկին ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հետ։
Հիշեցնենք, որ մասնագիտությամբ տեխնիկ-անասնաբույժ, միջազգային բիզնեսի պատվավոր դոկտոր Տիգրան Արզքանցյանը, որը երկար ժամանակ գործարարությամբ է զբաղվել Ռուսաստանում, նախքան Հայաստանում քաղաքական դաշտում ուժերը փորձելը իր սեփական կուսակցությունն է ձեռք բերել եւ որոշել է արդեն դառնալ ինքնուրույն խաղացող հայաստանյան քաղաքական դաշտում։



