Մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր. բ...

Այն, որ մանդատները վերցնում ենք, որ գնանք Ազգային ժողով աշխատավարձ ու պարգևավճար ստանանք՝ շատ աբսուրդային ու ծիծաղելի է, խնդրում եմ դադարեցնել այս տիպի քննարկումները: Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորության թեկնածու Անդրանիկ Գևորգյանը, որին կից գրել է՝ մեր և ձեր պայքարը շարունակելու ենք ամենուր և բոլոր օրինական տարբերակներով հասնելու ենք փոփոխության:

«Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ներկայացուցիչներից որևէ մեկը չի կարող ֆինանսական խնդիրներից ելնելով մտնել Ազգային ժողով կամ վերցնել մանդատ։ Մենք՝ յուրաքանչյուրս, այն ուժի ներկայացուցիչներն ենք, ովքեր տեղերում այնքան կայացվածություն ունեն, որ դա չի կարող պատճառ լինել։ Մեր պայքարը սկսել ենք ձեզ հետ միասին, սկզբից մինչև այս պահը, ու պետք է շարունակենք ձեզ հետ միասին։ 

Մենք թողնում ենք ամեն բան, հասկանալով բոլոր դժվարություններն ու բարդությունները, այն խնդիրները, որ այս իշխանությունը չունի կարմիր գծեր ու պատրաստ է ամեն ինչի։ Այս ամենը հաշվի առնելով, մենք մեր, ձեր պայքարը շարունակում ենք Ազգային ժողովում, շարունակում ենք փողոցում, շարունակում ենք մայրաքաղաքում, շարունակում ենք մարզերում, մի՛ տարանջատեք մեզ ձեզնից:

Մենք սկսել ենք շատ պարզ ու թափանցիկ, մենք ձեզ հետ եղել ենք շատ պարզ ու թափանցիկ և այդպես էլ շարունակելու ենք: Այս պառակտումը, որը փորձում են այլ ուժեր մտցնել մեր մեջ, չի կարող ունենալ արդյունք, որովհետև մեր նպատակն այլ է: Մեր նպատակը ձեզ հետ միասին Ազգային ժողովի հարթակը, այդ գործիքակազմն օգտագործելն է, որպեսզի մեր պայքարի ձայնն ավելի լսելի լինի։ 

Չենք հիասթափվում, մեր պայքարը ձեզ հետ է, մենք միասին պիտի հասնենք ցանկալի փոփոխություններին»,-նշել է նա։