Բերբերա քաղաքի ծայրամասում շարունակվում է ռազմական ենթակառուցվածքների շինարարությունը օդանավակայանի տարածքում, որը, ֆրանսիական հրատարակության տվյալներով, պետք է դառնա Արաբական Միացյալ Էմիրությունների, ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ բազա։ Արբանյակային լուսանկարները վկայում են լայնածավալ հողային աշխատանքների մասին, ներառյալ ստորգետնյա օբյեկտների կառուցումը, որոնք, անվտանգության ոլորտի աղբյուրների գնահատմամբ, կարող են օգտագործվել զինամթերքի և վառելիքի պահեստավորման համար։
Ինչպես նշում է հրատարակությունը, շինարարության ակտիվ փուլը համընկել է 2025 թվականի դեկտեմբերին Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչման հետ։ Նյութի հեղինակների կարծիքով՝ դա կարող է կապված լինել Ադենի ծոցի շրջանում՝ Եմենի ափերից ոչ հեռու, որտեղ գործում են Իրանի կողմից աջակցվող հութիները, ռազմավարական հենակետ ստեղծելու Իսրայելի ձգտման հետ։
Le Monde-ի տեղեկություններով՝ շինարարությունն իրականացնում են ԱՄԷ-ն՝ Սոմալիլենդի հետ դեռևս 2017 թվականին ստորագրված ռազմական համագործակցության համաձայնագրի շրջանակում։ Հրատարակության աղբյուրները պնդում են, որ օբյեկտը ստեղծվում է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի շահերից ելնելով, թեև կողմերը պաշտոնապես չեն հաստատում նման եռակողմ համաձայնագրի գոյությունը։
Հրատարակությունը նաև հայտնում է, որ իսրայելական ռազմական կառույցների ներկայացուցիչներն արդեն այցելել են Բերբերա, իսկ AFRICOM-ի պատվիրակությունները պարբերաբար ստուգում են օբյեկտը։ Աղբյուրների գնահատմամբ՝ Վաշինգտոնը Բերբերան դիտարկում է որպես Ջիբութիում գտնվող իր բազայի հնարավոր այլընտրանք, որտեղից ամերիկյան ուժերը սահմանափակված են հութիների դեմ գործողություններ իրականացնելու հարցում։
Հիշեցնենք, որ Բերբերայի նավահանգիստն ու օդանավակայանը ռազմավարական նշանակություն ունեն՝ շնորհիվ Կարմիր ծովի մուտքի մոտ և Բաբ էլ-Մանդեբի նեղուցի հարևանությամբ գտնվելու, որը համաշխարհային ծովային առևտրի կարևորագույն երթուղիներից է։



