
Ռուսաստանը և Ադրբեջանը կառուցողական են տրամադրված Բաքվում Ռուսական տան լիարժեք աշխատանքի վերականգնման համար փոխզիջում որոնելու հարցում։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը։
«Այժմ մշակութային, հումանիտար դիվանագիտության աշխատանքն իրականացնում է հիմնականում Ռուսաստանի Դաշնության դեսպանությունը: Միևնույն ժամանակ մենք շարունակում ենք փոխզիջում փնտրել ադրբեջանական կողմի հետ: Ինձ թվում է՝ թե՛ ադրբեջանական կողմը, և թե՛ մենք տրամադրված ենք կառուցողականորեն և բավականին լավատեսորեն, որ, այնուամենայնիվ, այդ փոխզիջումը կգտնենք, և լիարժեք աշխատանքը կվերականգնվի»,- ասել է Պրիմակովը:
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարն ընդգծել է, որ «Ռուսական տունը երբեք չի զբաղվել քաղաքականությամբ, դրանք եղել են մշակութային փոխանակումներ»։
Պրիմակովը նշել է, որ Բաքվի Ռուսական տունը «երկար տարիներ հաջողությամբ աշխատել է՝ կատարելով բոլոր անհրաժեշտ իրավական պարտավորությունները, այդ թվում՝ հանրապետության կառավարության հանդեպ»։
«Այնուամենայնիվ, 1997 թվականի տեղեկատվական-մշակութային կենտրոնների գործունեության մասին միջկառավարական համաձայնագրում միանշանակ ասված է, որ այդ կենտրոնն Ադրբեջանում պետք է գրանցվի որպես իրավաբանական անձ: Մենք մի քանի անգամ դիմել ենք հանրապետության իշխանություններին, և այս հարցը ներկայացվել է տարբեր խորհրդակցություններում՝ ի՞նչ կերպ մենք կարող ենք գրանցվել որպես իրավաբանական անձ, - նշել է նա: - Մենք բոլորս հասկանում ենք, որ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն դաշնային գործակալություն է: Կարո՞ղ ենք արդյոք դաշնային գործակալության ներկայացուցչությունը գրանցել որպես տեղական ոչ կառավարական կազմակերպություն: Իրավաբանորեն դա բավականին բարդ է: Մենք դա անելու ինչ-որ միջոց ենք փնտրել Ադրբեջանի մեր գործընկերների հետ: Առայժմ այդ միջոցը չենք գտել, բայց դա քննարկվում է»:
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարը հիշեցրել է, որ 2025 թվականի փետրվարին Ռուսաստանի դեսպանությունն ստացել է նոտա մշակութային կենտրոնի գործունեությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին այն պատճառով, որ այն գրանցված չէ:
«Բայց, այնուամենայնիվ, ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը չեղյալ չի հայտարարել 1997 թվականի համաձայնագիրը: Այն գործում է», - հավելել է նա: