Մոլդովան դուրս կգա Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրից. այս որոշումը հավանության է արժանացել երկրի կառավարության կողմից։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից:
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի գործողության կասեցումը պետք է հաստատվի խորհրդարանի կողմից և համաձայնեցվի նախագահի կողմից: Դրանից հետո Մոլդովայի արտգործնախարարությունը նման որոշման մասին կտեղեկացնի Նիդեռլանդներին, որին ի պահ է հանձնված պայմանագիրը։
Պայմանագիրը ԽՍՀՄ-ի կողմից ստորագրվել է 1990 թ., իսկ 1992 թ. հետխորհրդային երկրները համաձայնություն են ձեռք բերել առավելագույն քանակի ռազմական տեխնիկայի շուրջ, որը նրանք կարող են ունենալ իրենց տարածքում։
Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագիրը կարգավորում է ՆԱՏՕ-ի և Վարշավայի պայմանագիրն ստորագրած պետությունների (Ռումինիա, Ալբանիա, ԽՍՀՄ, Չեխոսլովակիա, Լեհաստան, Գերմանիա, Հունգարիա և Բուլղարիա) միջև զինված ուժերի հավասարակշռությունը։ Պայմանագրի հիմքում ընկած է պայմանագրի կիրառման շրջանում մասնակից պետությունների զինված ուժերի հինգ հիմնական կատեգորիաներում սովորական սպառազինությունների և տեխնիկայի քանակական սահմանափակումների համակարգը՝ տանկեր, մարտական զրահամեքենաներ, հրետանի, հարվածային ուղղաթիռներ և մարտական ինքնաթիռներ: Պայմանագիրն անժամկետ է։ Մասնակիցներն իրավունք ունեն դուրս գալ դրանից այն պայմանով, որ մյուս բոլոր պետությունները նախապես տեղեկացված լինեն այս որոշման մասին առնվազն 150 օր առաջ։
2023 թ․ նոյեմբերին Ռուսաստանը նույնպես դուրս է եկել Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրից։