ԱՄՆ-ի պահանջը, որ Չինաստանը միանա միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններին, խելամիտ չէ և անիրագործելի է այս փուլում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը հերթական ճեպազրույցի ժամանակ։
«Չինաստանի միջուկային ներուժը համեմատելի չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներուժների հետ, և այս փուլում Չինաստանից միջուկային սպառազինությունների վերահսկման շուրջ բանակցություններին միանալու պահանջն անարդար է, ոչ խելամիտ և անիրագործելի», - ասել է նա։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը նշել է, որ ԱՄՆ-ն, որն ունի աշխարհում խոշորագույն միջուկային ուժերը, պետք է բարեխղճորեն կատարի իր պարտավորությունները միջուկային զինաթափման բնագավառում, ձեռնարկի իր միջուկային զինանոցի կրճատման միջոցներ՝ ստեղծելու պայմաններ ընդհանուր և լիակատար միջուկային զինաթափման հասնելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Կենտրոնական Ասիայի հինգ հանրապետությունների ղեկավարների հետ կայացած հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը, Չինաստանը և Միացյալ Նահանգները կարող են համաձայնության հասնել միջուկային սպառազինությունների կրճատման շուրջ։ Նա ապամիջուկայնացումը շատ լավ բան է անվանել և հայտնել, որ այդ մասին խոսել է Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ:



