Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հերքել է Reuters-ի հրապարակման մեջ տեղ գտած պնդումներն այն մասին, որ Միացյալ Նահանգները մտադիր է ռազմական ներկայություն հաստատել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի ավիաբազայում։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։
«Սիրիայում ամերիկյան բազաների մասին Reuters-ի հաղորդագրությունն իրականությանը չի համապատասխանում», - հայտարարել է երկրի ԱԳՆ-ի աղբյուրը։
Աղբյուրը հավելել է, որ ներկա փուլում «ամերիկյան դիրքորոշումը փոխվում է դեպի Սիրիայի կենտրոնական կառավարության հետ անմիջական շփում, ինչպես նաև երկրի միավորման ջանքերի աջակցում՝ մերժելով մասնատման ցանկացած կոչ»։
SANA գործակալության փոխանցմամբ՝ Սիրիան իր նոր դարաշրջանում հաստատուն կերպով շարժվում է դեպի կայունության ամրապնդում և ազգային ինքնիշխանության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցության ամրապնդում։
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով իրազեկ աղբյուրների տեղեկացրել էր, թե ԱՄՆ-ն ցանկանում է ռազմական ներկայություն ծավալել Դամասկոսի ավիաբազայում՝ Սիրիայի և Իսրայելի միջև անվտանգության շուրջ ապագա պայմանագրի իրականացման գործում օգնություն ցուցաբերելու համար:



