
Մայրաքաղաք Երևանի մետրոյի «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։
Այս մասին հայտնում է Երևանի Մետրոպոլիտենը՝ մատնանշելով, որ մայրաքաղաքում շարունակվում է մետրոյի շարժասանդուղքների արդիականացումը։
«Երևանի մետրոպոլիտենը շարունակում է իր ենթակառուցվածքների փուլային արդիականացումը՝ ուղևորների հարմարավետությունն ու անվտանգությունն առաջնահերթություն դիտարկելով։ «Սասունցի Դավիթ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները։ Նոր շարժասանդուղքները գործարկվել են և արդեն սպասարկում են ուղևորներին՝ ապահովելով սահուն և անխափան մուտք ու ելք կայարան»,-նշված է Մետրոպոլիտենի տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այս, նաև նշվում է, որ «Զորավար Անդրանիկ» կայարանում մեկնարկել են հին շարժասանդուղքների ապամոնտաժման աշխատանքները՝ նախապատրաստելով դրանք նոր շարժասանդուղքներով փոխարինելուն։
«Այս գործընթացը հանդիսանում է մետրոպոլիտենի տեխնիկական վերազինման մաս և իրականացվում է ըստ հաստատված ժամանակացույցի։ Շնորհակալություն ենք հայտնում մեր ուղևորներին՝ համբերատարության և վստահության համար»,-նշված է հաղորդագրության մեջ։