«Մենք Amazon-ը չենք»․ Բրիտանիայի պաշտպանությա...

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան պետք է հիշի, որ Վաշինգտոնում և այլ մայրաքաղաքներում որոշ քաղաքական գործիչների հարկավոր է համոզել, որ Ուկրաինային տրամադրվող տասնյակ միլիոն դոլարի ռազմական օգնությունն «իմաստ ունի»։ Այս մասին հաղորդում է Sky News-ը։

«Դա ձեզ դուր է գալիս թե ոչ, բայց մարդիկ ուզում են երախտագիտություն տեսնել», - ասել է Ուոլեսը՝ շեշտելով, որ երկրները հաճախ հրաժարվում են իրենց սեփական ռազմական պաշարներից, որպեսզի զենք տրամադրեն Ուկրաինային։

Բեն Ուոլեսը հավելել է, որ ամերիկյան քաղաքական գործիչներից երբեմն լսել է տրտնջոցներ Ուկրաինային տրամադրված ռազմական օգնության մասին։

«Մենք տվել ենք 83 միլիարդ դոլարի կամ շուրջ այդքանի օգնություն, մենք Amazon-ը չենք», - ասել է Ուոլեսը՝ վկայակոչելով ամերիկյան քաղաքական գործիչներին։

Նա նաև հիշեցրել է, որ նույն բանն ասել է ուկրաինացիներին 2022 թ․ հունիսին։

«Անցյալ տարի, երբ 11 ժամ գնացի Կիև, որպեսզի ինձ տան ցուցակ, ես ասացի՝ ես Amazon-ը չեմ»։