
Քրեակատարողական ծառայության և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ շարունակվում է հայկական կինոյի հանրահռչակումը Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում։
Այս նախաձեռնության շրջանակում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց ցուցադրվել է «Մեդալի հակառակ կողմը» դրաման։ Ֆիլմը հանդիսատեսին ներկայացնելու նպատակով հիմնարկ են այցելել բեմադրող ռեժիսոր և սցենարի հեղինակ Աննա Մաքսիմը, որը մարմնավորել է նաև գլխավոր հերոսուհուն, ինչպես նաև հիմնադրամի ներկայացուցիչները։
Աննա Մաքսիմն իր խոսքում ընդգծել է, որ յուրաքանչյուր կին կարող է հայտնվել տարբեր իրավիճակներում, սակայն միշտ կա հաղթանակի և լույսի ճանապարհը՝ դժվարություններից դուրս գալու և կյանքը վերսկսելու հնարավորություն։
Ֆիլմը պատմում է ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի դժվարությունների և հաղթանակների մասին։ Այն ջերմորեն է ընդունվել ազատազրկված անձանց կողմից․ հանդիսատեսը հուզված և զգայուն արձագանքել է յուրաքանչյուր դրվագին։
Ցուցադրության ավարտին ազատազրկված անձինք շնորհակալություն են հայտնել՝ իրենց առօրյայից թեկուզ կարճ ժամանակով կտրվելու, բազում զգացմունքներ ապրելու և կյանքի նոր սկզբի հավատ ներշնչելու համար։
Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց վերասոցիալականացումը և մշակույթի դերն այդ գործընթացում, շարունակում է իր ակտիվ համագործակցությունը Հայաստանի մշակութային գործիչների և կազմակերպությունների հետ։