Մայրական մահացության ցուցանիշների շեշտակի բար...
«Մայրական մահացության ցուցանիշների վերջին տարիների գրանցած շեշտակի բարելավումն այս ուղղությամբ պետության իրականացրած մի շարք բարեփոխումների արդյունքն է»,- մասնակցելով ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կազմակերպած պանելային քննարկմանը` նշել է առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
«Բարելավելով վերարտադրողական առողջության որակյալ ծառայությունների ստանդարտները Հայաստանում․ ուղեցույցների և գործելակարգերի մշակում. ճանապարհ դեպի փոխակերպող ազդեցություն» միջոցառմանը մանակիցները կարևորել են ապացուցահեն ուղեցույցները և գործելակարգերի մշակումը, որտեղ ամփոփված են աշխարհի առաջատար երկրների փորձն ու մոտեցումները:
 
Ուղեցույցների մշակումը և այնուհետև ներդրումը Առողջապահության նախարարության գերակայությունն է, որն ուղղակիորեն նպաստելու է բուժօգնության որակի բարձրացմանը:
 
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, խոսելով մայրական մահացության կրկնակի կրճատված ցուցանիշների մասին, համատեղ արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարությանն ու այլ գործընկերներին նշելով.
 
«Արձանագրված առաջընթացը միահամուռ աշխատանքի արդյունք է, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության նախարարությանը և այս գործընթացի մասնակից բոլոր գործընկերներին։ Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև մեր բուժաշխատողներին, որոնք բարդ և պատասխանատու աշխատանք են կատարում»։
 
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և Մանկաբարձ-գինեկոլոգների հայկական ասոցիացիայի աջակցությամբ արդեն իսկ մշակվել է 43 ուղեցույց, որոնք հասանելի են մեր բժիշկներին հեռախոսային հավելվածի ձևաչափով և 20 գործելակարգ: Մասնագիտական քննարկմանը նախանշվել է որակյալ և անվտանգ ծառայությունների ապահովման համար ուղիները` հիմքում ունենալով նոր ուղեցույցների ու գործելակարգերի մշակման անհրաժեշտությունը: