Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը խորը մտահոգություն է հայտնում Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ պետական շարունակական ճնշումների վերաբերյալ, ներառյալ` հոգևորականների ձերբակալություններն ու ահաբեկումները, եկեղեցական հաստատությունների թիրախավորումը և պետության կողմից իրավական համակարգի աճող օգտագործումը կրոնական ղեկավարությանը լռեցնելու համար, ասված է ինստիտուտի կայքում:
«Այս զարգացումները վտանգավոր մարտահրավեր են ներկայացնում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտներին, ինչպես նաև ոտնձգություն են հայկական ինքնության հիմնական ինստիտուտների նկատմամբ: Դրանք ցավալի օրինակ են այն բանի, թե ինչպես կարող են ցեղասպանական գործընթացները ներքինանալ սպառնալիքի ժամանակաշրջաններում:
Ընտրովի հետապնդումների, սահմանափակ թափանցիկության և կրոնական գործերում պետության ուղղակի միջամտության համադրությունը լուրջ մտահոգություններ է առաջացնում, որ իրավական մեխանիզմներն օգտագործվում են ոչ թե օրենքը պահպանելու, այլ Հայ Առաքելական եկեղեցու ինքնավարությունը խաթարելու համար։
Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ ծառայել է որպես հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և պատմական հիմք։ Չորրորդ դարից սկսած, երբ Հայաստանը դարձավ առաջին ազգը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն, Եկեղեցին եղել է հայոց շարունակականության գլխավոր պահապանը՝ պահպանելով լեզուն, մշակույթը և հիշողությունը օտար տիրապետության դարավոր ժամանակաշրջաններում։ Նրա գոյատևումը գաղութացման, ցեղասպանության և աքսորի ժամանակաշրջաններում վաղուց խորհրդանշել է հայ ազգի տոկունությունը։
Հայաստանի ժողովրդավարության և ինքնիշխանության ուժը կայանում է ոչ թե նրա բարոյական ինստիտուտների ճնշման, այլ դրանց պաշտպանության մեջ։ Ցեղասպանություն վերապրած ազգը չի կարող թույլ տալ իրեն որևէ ձևով կրկնել իր պատմական ոչնչացման մեխանիզմները», - ասված է հայտարարության մեջ։



