Օգոստոսի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Կեսգիշերն անց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի մարզի պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկ 5-րդ հասցեում կասկածելի քաղաքացի կա, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում պարեկները նշված վայրում գողություն կատարելիս վնասազերծել են Արագածոտնի մարզի բնակիչ 27-ամյա Իշխան Խ.-ին:
Պարեկները նրան բռնել են այն պահին, երբ փորձել է նշված վայրից, որը ծառայում է որպես ավտովթարների հետևանքով տեղափոխված ավտոմեքենաների պահման վայր, գողություն կատարել:
Պարզվել է, որ նա փորձել է կայանված Ռուբիկ Ա.-ին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից ամբարձիչի միջոցով գողանալ փոխանցման տուփի ցուցիչը (դատչիկ) և մեկ այլ ավտոմեքենայի կողային հայելիները:
Պարեկները նրան տեղափոխել են ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղ դեպքի փաստով փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:



