Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30...

Հայաստանը շարունակում է դիվերսիֆիկացնել իր արտաքին տնտեսական կապերը՝ ընդլայնելով հայկական արտադրանքի ներկայությունը միջազգային շուկաներում։  Այս մասին տեսանյութ է հրապարակել Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը:

«2026 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 12-ը Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր՝ այդ թվում՝ ինչպես դեպի հարևան երկրներ (Թուրքիա, Իրան, Վրաստան), այնպես էլ Եվրոպայի (ԵՄ 14 անդամ երկիր և Շվեյցարիա, Մոլդովա, Ուկրաինա, Սերբիա), Մերձավոր Արևելքի (ԱՄԷ, Օման), Կենտրոնական Ասիայի (Թուրքմենստան, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան) և Հյուսիսային Ամերիկայի (ԱՄՆ) շուկաներ»,- ասված է հրապարակման մեջ:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ՝ ծաղիկների արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է։

Եթե նախորդ տարի արտահանումն իրականացվում էր միայն Ֆրանսիա, ԱՄԷ, Ղազախստան, Ղրղզստան, Բելառուս, Վրաստան և Ռուսաստանի Դաշնություն, ապա ընթացիկ տարում ուղղությունների ցանկը համալրվել է 23 նոր շուկաներով:

ԵՄ երկրներից հայկական ծաղիկները մինչ այս պահն արդեն «հյուրընկալվել» են Նիդեռլանդներում, Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Գերմանիայում, Լատվիայում, Էստոնիայում, Լիտվայում, Իտալիայում, Լեհաստանում, Կիպրոսում, Չեխիայում, Ռումինիայում և Ֆրանսիայում»,- նշված է հաղորդագրությունում:

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը հիշեցնում է, որ 2026 թվականի հոկտեմբերի 10-ից ուժի մեջ են մտել Հայաստանի համար ԵՄ առևտրային ինքնավար միջոցները (ATMs):

Եվրոպական միությունը հայկական արտադրանքի համար առևտրի ժամանակավոր ազատականացման միջոցներ է սահմանել՝ Ռուսաստանի կողմից վերջերս կիրառված առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու նպատակով։ Արտոնյալ ռեժիմով ազատականացվել է Հայաստանից ԵՄ արտահանման շուրջ 80 տոկոսը։ Դրանով վերացվել են ԵՄ ներմուծվող հայկական բազմաթիվ ապրանքների մաքսատուրքերը, այդ թվում՝ որոշ գյուղատնտեսական արտադրանքների համար։

Միջոցները կգործեն երկու տարի։ Դրանք ընդգրկում են ապրանքատեսակներ, որոնք կազմում են դեպի Ռուսաստան Հայաստանի թարմ մրգերի, բանջարեղենի և բույսերի արտահանման գրեթե 99 տոկոսը, ինչպես նաև խմիչքների և ոգելից ըմպելիքների արտահանման ավելի քան 91 տոկոսը։