
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ խնդրելով հստակություն մտցնել վրաց-ամերիկյան հարաբերություններում։ Կոբախիձեի նամակը հրապարակել է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։
«Մի քանի շաբաթ առաջ Ձեզ ուղղեցի նամակ վրաց-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ։ Այդ նամակին նախորդում էին իմ հրապարակային հայտարարությունները, որտեղ բացահայտ արտահայտում էի Վրաստանի պատրաստակամությունը՝ զրոյից, հստակ ուղեցույցով վերականգնելու ռազմավարական գործընկերությունը Վրաստանի և ԱՄՆ-ի միջև։ Սակայն մինչ այժմ մեր նամակին և հրապարակային հայտարարություններին պատասխան չենք ստացել։ Ավելին, մինչ այս պահը պետական ամենաբարձր մակարդակով Վրաստանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև որևէ շփում չի եղել», - գրել է Իրակլի Կոբախիձեն։
Նա հավելել է, որ այս լռությունը զարմանք է առաջացնում «ինչպես վրաց ժողովրդի, այնպես էլ Վրաստանի իշխանության համար»։
«Վրաստանը տարիներ շարունակ եղել է ԱՄՆ-ի ամենահուսալի գործընկերը մեր չափազանց բարդ տարածաշրջանում, որն ունի ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար։ Վրաստանը ամուր կանգնած էր ԱՄՆ-ի կողքին ամենաթեժ կետերում՝ այդ թվում Իրաքում և Աֆղանստանում, որտեղ մեր փոքր երկիրը մեկ շնչի հաշվով ամենաշատ զինվորականներով էր ներկայացված», - գրել է նա։
Վրաստանի վարչապետի պնդմամբ՝ միջազգային վարկանիշային աղյուսակների համաձայն՝ Վրաստանը տարածաշրջանում առաջատար է ժողովրդավարության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների, մեդիայի ազատության, դատական իշխանության անկախության, պետական ինստիտուտների ուժեղության, կոռուպցիայի ցածր մակարդակի և այլ կարևոր չափանիշների առումով։
«Այս ամենը հաշվի առնելով, և այն ֆոնին, երբ դուք ակտիվ երկխոսություն և կապեր եք պահպանում բազմաթիվ (նույնիսկ բացահայտ ոչ ժողովրդավարական և ավտորիտար) երկրների հետ, Վրաստանի ուղղությամբ Ձեր լռությանը տրամաբանական բացատրություն մեզ համար չկա», - գրել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը նաև անհասկանալի է անվանել ԱՄՆ նախկին վարչակազմի կողմից վրացի պաշտոնյաների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև օրեր առաջ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված օրինագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ և այցագրային սահմանափակումներ վրացի բարձրաստիճան պաշտոնյաների համար։
Նա հավելել է, որ Թբիլիսին պահպանում է լավատեսությունը և համբերությամբ սպասում այն պահին, որը պետք է հիմք դառնա վրաց-ամերիկյան հարաբերությունների վերագործարկման և երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վերականգնման համար։
Ի դեպ, չնայած Վրաստանի վարչապետի պնդմանը, «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հրապարակած «Մամուլի ազատության համաշխարհային ինդեքս» 2025–ում Հայաստանը բարելավել է իր դիրքերը և 73,96 միավորով հայտնվել 34–րդ հորիզոնականում, ինչը լավագույն ցուցանիշն է տարածաշրջանում: