
Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, որը մասնակցել է Ստամբուլում «եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) ներկայացուցիչների հետ հանդիպմանը, տեղի ունեցած բանակցությունները համարել է հանգամանալից և անկեղծ։
«Մենք (Իրանի մյուս ԱԳ փոխնախարար) Թախտ Ռավանչիի հետ ունեցանք լուրջ, անկեղծ և հանգամանալից զրույց երեք եվրոպական երկրների և ԵՄ քաղաքական գործիչների հետ: Քննարկվեցին վերջին իրադարձությունները՝ կապված պատժամիջոցների վերացման հարցի և միջուկային խնդրի հետ», - գրել է նա X հարթակում:
Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել շարունակել բանակցություններն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամի կարգավորման վերաբերյալ:
«Երկու կողմն էլ հանդիպմանը եկել են կոնկրետ գաղափարներով, քննարկվել են դրանց տարբեր ասպեկտները: Որոշվել է, որ այդ հարցի շուրջ խորհրդակցությունները կշարունակվեն», - նշել է Ղարիբաբադին: