Իսրայելցի վերաբնակիչները հրկիզել են Արևմտյան...

Տասնյակ ծայրահեղական իսրայելցի վերաբնակիչներ, որոնցից շատերը դիմակներով են եղել, անկարգություններ են կազմակերպել Արևմտյան ափի պաղեստինական Ջիթ գյուղում հինգշաբթի երեկոյան՝ այրելով տներ և մեքենաներ: Հաղորդվում է, որ հարձակման արդյունքում մեկ պաղեստինցի է զոհվել, հաղորդում է Times of Israel-ը:

Նաբլուսից արևմուտք գտնվող գյուղում վերաբնակիչները քարեր և մոլոտովի կոկտեյլներ են նետել և այրել առնվազն չորս տուն և վեց ավտոմեքենա։ Իսրայելի անվտանգության աշխատակիցներից մեկը հայտնել է, որ հարձակմանը մասնակցել է ավելի քան 100 մարդ:

Պաղեստինի Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ Ռաշիդ Սեդա անունով 23-ամյա պաղեստինցին սպանվել է, ևս մեկ պաղեստինցի կյանքին սպառնացող վերքեր է ստացել վերաբնակիչների կրակոցներից:

Իսրայելական անվտանգության աղբյուրները հայտնել են, որ «հայտնի չէ, թե ով է կրակել պաղեստինցիների վրա»։

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ «լուրջ միջադեպի» մասին հաղորդումից մի քանի րոպե անց դեպքի վայր են ուղարկվել զորքեր և սահմանապահ ոստիկանության աշխատակիցներ։

Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնյաները հայտնել են, որ իսրայելցիներին գյուղից դուրսբերելիս զորքերը կիրառել են անկարգությունները ճնշելու միջոցներ և կրակ բացել: