«Մոտ երեք տարվա ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում է պետության ղեկին, ականատես ենք լինում պետական ինստիտուտների ոչնչացման մի առանձնահատուկ արշավի։ Գործադիրի ղեկավար դառնալուց ընդամենը մի քանի ամիս անց՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, Փաշինյանը զանգվածային բողոքի ցույց կազմակերպեց ԱԺ-ն ցրելու պահանջով։ Այդպես նա հնարավորություն էր ստանում արտահերթ ընտրություններ կազմակերպելու իր նպատակը քողարկել ժողովրդական պահանջի ներքո։ Իսկ իրականում այդ իրողությունը գործադիր իշխանության կողմից օրենսդիր իշխանության նկատմամբ ճնշման բացահայտ դրսևորում էր, որի արդյունքում խախտվեց իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքը։ Սակայն ամեն ինչ միայն օրենսդիր իշխանությունով չսահմանափակվեց։
Նրան պետք էր կամակատար դատարան, որ երբևէ ինքնուրույն, օրենքից բխող որոշում չկայացնեն դատավորները, այլ միայն այնպիսիք, ինչպիսիք ինքն է ուզում: Դրա համար էլ Նիկոլը նախաձեռնեց դատական համակարգի նկատմամբ ճնշումներ բանեցնելու գործընթացը, որը շատ հաճախ առաջ էր մղվում իբր դատական բարեփոխումների և այլ նախաձեռնությունների անվան տակ։ Իսկ ամենախայտառակ իրադարձությունները տեղի ունեցան ՍԴ-ի շուրջ, երբ իշխանությունները իրենցից կախյալ ՍԴ ունենալու, ՍԴ նախագահից և որոշ դատավորներից ազատվելու համար գործի դրեցին բոլոր միջոցները՝ հետապնդումների գործիքներից մինչև հակաօրինական որոշումներ ընդունելու գործելակերպ։
Արդյունքում ՍԴ դատավորները դիմեցին ՄԻԵԴ՝ իրենց իրավունքները վերականգնելու նպատակով։ Ինչևէ, ճնշումներից զերծ չմնացին նաև պետական համակարգի այլ կառույցները։ Պատահական չէ, որ կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է։ Եվ, ըստ էության, Փաշինյանի կողմից առաջնային պլանում դրվեց ոչ թե պետական կառույցների գործունեության արդյունավետությունը, այլ միայն լոյալությունը հեղափոխության նկատմամբ։ Իսկ եթե ավելի հստակ արտահայտվենք՝ բոլորի ու ամենի ենթարկումը մեկ անձից: Եվ պատահական չէ, որ բազմաթիվ կառույցներում տեսնում ենք պարբերական բնույթ կրող անհասկանալի կադրային նշանակումներ և փոխատեղումներ։ Այդպիսի նշանակումների արդյունքում է, որ պետական համակարգը մշտական սթրեսի մեջ է։ Փաշինյանի իշխանության ուշադրությունից չի վրիպել նաև ՏԻՄ համակարգը, որը ևս իշխանությունները փորձում են իրենցով անել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



