Պաշտոնական լրահոսից իմանում ենք, որ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը նախօրեին հանդիպել է ՀՀ-ում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ։
Հանդիպման ընթացքում փոխվարչապետի պաշտոնակատարը շեշտել է, որ երկու երկրներն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ: Իրանի դեսպանը նշել է, որ Հայաստանն Իրանի համար բարեկամ և եղբայրական երկիր է, որի հաջողությունները կարևոր են նաև իրենց համար։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավոր ուղղությունները՝ անդրադառնալով, էներգետիկայի, տրանսպորտի և տնտեսության ոլորտներին: Քննարկման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ԵԱՏՄ շրջանակներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև որպես ԵԱՏՄ անդամ Հայաստանի միջոցով միության շուկա Իրանի մուտք գործելու հեռանկարի շուրջ:
Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին երկուստեք ընդգծել են երկկողմ հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը և այդ ուղղությամբ համատեղ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը: Քննարկվել են երկու երկրների մասնավոր հատվածների միջև շփումների ակտիվացման հնարավորությունները և դրա համար առկա բոլոր նախադրյալները: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացներին: Առաջին հայացքից ստանդարտ ձեւակերպումներով հագեցած ու ոչինչ չասող պոզիտիվ այս տեքստը կարող է վկայել հայ-իրանական բարձր մակարդակի հարաբերությունների առկայության մասին։ Մինչդեռ իրականում ամեն բան չէ, որ այնքան դրական ու գունեղ է, ինչպես ներկայացվում է պաշտոնական հաղորդագրության մեջ։
Բանն այն է, որ Իրանից Երեւանին ուղղված մեկ այլ՝ ավելի կարեւոր ազդակ էլ է եղել։ Մասնավորապես Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին պատասխանել է Արմեն Սարգսյանի՝ Նովրուզի տոնի առիթով հղած շնորհավորական ուղերձին, որում բավական հետաքրքիր ակնարկներ կան։
Նախ, հետաքրքրական է այն, որ Նովրուզը մարտի 20-ին էր, եւ ուղերձը այդ օրն է հղվել, իսկ պատասխանը եկել է ապրիլի 28-ին, այսինքն մեկ ամիս ու մեկ շաբաթ անց մոտ։ Երկրորդ, մարտի 20-ին այաթոլլա Խամենեին շնորհավորական ուղերձ հղել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այաթոլլայի կողմից վարչապետին ուղղված պատասխան նամակ կարծես թե չի եղել։ Իսկ ահա Արմեն Սարգսյանին ուղղված պատասխանի մեջ այաթոլլա Խամենեին գրել է․ «Հուսով եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները, հաշվի առնելով երկու երկրների միջև վաղեմի կապերը և առկա կարողությունները՝ ընդհանուր շահերն ապահովելու, տարածաշրջանային և միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը ամրապնդելու և համաշխարհային արդարություն հաստատելու ուղղությամբ, առավել կզարգանան և կամրապնդվեն»:
Եթե դիվանագիտական լեզվից թարգմանենք, ապա Այաթոլլան բավականին սառն է պատասխանել Հայաստանի նախագահին եւ այդ սառնության տակ զգացվում է նաեւ որոշակի դժգոհություն։ Ընթերցողը կհիշի թերեւս, որ որոշ ժամանակ առաջ Իրանի նախագահ Հասան Ռոհանին էր նամակ գրել Հայաստանի վարչապետին, որտեղ թեեւ դիվանագիտական բարեկրթությունն ու քաղաքավարական կանոնները ամբողջությամբ պահպանվել էին, սակայն ձեւակերպումներում եւ տոնայնության մեջ նույնպիսի դժգոհության ակնարկներ կային։
Նույնպիսի վիճակ է նաեւ այս նամակում։ Կարելի է ասել, որ Իրանում շարունակում են առանձնապես չվստահել Հայաստանի գործող իշխանություններին, ու նույնիսկ նման շփումներում պահպանում են սառը զսպվածությունը։ Ինչ-ինչ, բայց անխաթար պետականության հազարամյակների պատմություն ունեցող Իրանում գիտեն դիվանագիտական նրբագեղ ձեւակերպումներով ուզած ազդակները հասցնել տեղ ու իրենց ասելիքը հասկացնել։