Աննա Վարդապետյանը հանդիպել է Իտալիայի Վերաքնն...

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Իտալիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում, 2025 թվականի նոյեմբերի 7-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահ Ջուզեպպե Մացիին և Վերաքննիչ դատարանի գլխավոր զինվորական դատախազ Մարկո դը Պաոլիսին: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ դատախազությունը։ 

Հանդիպմանը մասնակցել են նաև Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կարապետյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը:

Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Վերաքննիչ Զինվորական դատարանի նախագահին ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ այցի նպատակը ժամեր անց Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազության և Իտալիայի Հանրապետության վճռաբեկ դատարանի զինվորական գլխավոր դատախազության միջև Համագործակցության խորացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրումն է:

Աննա Վարդապետյանը իտալացի գործընկերներին ներկայացրել է ՀՀ զինվորական դատախազության լիազորությունները՝ տեղեկացնելով, որ այն զինված ուժերում և այլ զորքերում կատարված հանցագործությունների առնչությամբ հարուցում է քրեական հետապնդում, հսկողություն է իրականացնում մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ, դատարանում պաշտպանում է մեղադրանքը, բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները, ինչպես նաև հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ: «Զինվորական դատախազությունն օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով նաև պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան», - ընդգծել է ՀՀ գլխավոր դատախազն ու անդրադարձել Զինվորական դատախազության կառուցվածքին և գործունեության առանձնահատկություններին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ: