Իրանն ու ԱՄՆ-ը չեն քննարկել Կարմիր ծովում անվ...

Իրանի և ԱՄՆ-ի միջև Օմանում անցկացված անուղղակի բանակցությունները վերաբերում էին միայն հակաիրանական պատժամիջոցների վերացման հարցին, խորհրդակցությունների ժամանակ չի քննարկվել Կարմիր ծովում նավարկության անվտանգության հետ կապված իրավիճակը։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրին։

«Անուղղակի բանակցությունները սահմանափակվում են բացառապես պատժամիջոցների վերացման թեմայով, Կարմիր ծովում տիրող իրավիճակի մասին խոսք չի եղել»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ մեկնաբանելով բրիտանական Financial Times թերթի հոդվածը։

IRNA -ի աղբյուրը կարծում է, որ «հոգեբանական ճնշումների կամ իրականության խեղաթյուրման նման գործիքների կիրառումը ԱՄՆ ռազմավարության մի մասն է»՝ փոխհատուցելու դիվանագիտական ձախողումը։

Նա նշել է, որ պատժամիջոցների վերացման հարցը միշտ եղել է Իրանի համար առաջնահերթություն: Ավելի վաղ բրիտանական Financial Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հունվարին գաղտնի բանակցություններ է վարել Իրանի հետ՝ փորձելով համոզել Թեհրանին ճնշում գործադրել հութի ապստամբների վրա, որոնք հարձակվում են Կարմիր ծովում նավերի վրա:

Օմանում կայացած խորհրդակցությունների ժամանակ Վաշինգտոնը ներկայացնում էին Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Բրեթ Մաքգուրքն ու Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Աբրամ Փեյլին, իսկ Թեհրանը՝ փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին:

Բանակցությունների երկրորդ փուլը պետք է կայանար փետրվարին, սակայն այն հետաձգվել է Գազայի հատվածում հակամարտությունը կարգավորելու ԱՄՆ-ի փորձերի ֆոնին, պնդում է հրատարակությունը։