Բրյուսելը հայ-ադրբեջանական խաղաղության գործըն...

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ ժամանել էր Երևան՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու համար։ Քննարկվել են առևտրատնտեսական և էներգետիկ համագործակցության, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև հետխորհրդային հանրապետության և ԵՄ միջև քաղաքական համագործակցության խորացման հետ կապված հարցեր, գրում է Ведомости-ն։

Հարավային Կովկաս այցերի միջոցով եվրոպացի քաղաքական գործիչները փորձում են Ռուսաստանի կյանքը «օտար ձեռքերով» բարդացնել, համոզված է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտի (ՄԳԻՄՕ) Միջազգային հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիկոլայ Սիլաևը։ Բրյուսելը դա փորձում է իրականացնել, այդ թվում՝ հաշտեցնելով Հայաստանն ու Ադրբեջանը՝ ինչպես կարծում են եվրոպացիները՝ Մոսկվային հակադրվելու նպատակով։ «ԵՄ-ն փորձել է ռուսներին վնասելու բոլոր եղանակները, և դրանցից ոչ մեկը դեռ չի հասել իր նպատակին, ուստի հիմա նրանք փորձում են շահագործել երկրորդական հարցեր, օրինակ՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը»,- ասել է փորձագետը։

Սիլաևի կարծիքով՝ ԵՄ-ն, ԱՄՆ-ն կամ Թուրքիան չեն կարող դառնալ հայկական ապրանքների իրացման հիմնական այլընտրանքային շուկաներ։ Մի կողմից՝ հայկական ապրանքների տեսականին առավելապես հետաքրքրում է ռուս սպառողներին։ Մյուս կողմից՝ եվրոպացիների կողմից հատկացված օգնության գումարն ակնհայտորեն բավարար չէ հայկական արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացման համար, և դրա մեծ մասը, ըստ քաղաքագետի, կարող է ծախսվել ոչ նպատակային ձևով։

«Հասկանալով դա՝ Երևանն այսօր փորձում է գտնել ռուս-հայկական ճգնաժամի կարգավորման ուղիներ։ Սակայն այս խնդիրը դուրս է գալիս պարզապես առևտրային վեճի շրջանակներից։ Ավելի վաղ հայկական ղեկավարությունը մեծ նշանակություն չէր տալիս այս հակամարտությանը՝ ենթադրելով, որ այն առաջացել է վերջին խորհրդարանական ընտրությունների հետևանքով»,- նշել է փորձագետը։