Երկրորդ արևմտյան մարզային ռազմական դատարանը Միխայիլ Բալաշովին դատապարտել է 25 տարվա ազատազրկման՝ «Россия сегодня» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի դեմ մահափորձի նախապատրաստման գործով։ Դրա մասին հայտնում է РИА Новости-ն։
Դատարանի որոշմամբ՝ դատապարտյալն առաջին չորս տարին կանցկացնի բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում։ Գործը քննվել է դռնփակ ռեժիմով՝ մեղադրյալների թվում անչափահասների ներկայության պատճառով։
Քննության վարկածով՝ 2022 թվականին Բալաշովը Մոսկվայում ստեղծել է նացիոնալ-սոցիալիզմի գաղափարախոսությամբ խումբ և դրանում ներգրավել նոր մասնակիցների։ 2022 թվականի սեպտեմբերից մինչև 2023 թվականի հուլիսը միավորման անդամները մի շարք հարձակումներ են գործել միգրանտների և ԼԳԲՏ ներկայացուցիչների վրա, ինչպես նաև այդ գործողությունների տեսանյութերը հրապարակել են համացանցում։
Քննությունը նաև պարզել է, որ 2023 թվականին անհայտ անձինք Բալաշովին առաջարկել են 50 հազար դոլար՝ Սիմոնյանի սպանությունը կազմակերպելու համար։ Նա իբր ներգրավել է համախոհի և հսկողություն է իրականացրել վերջինիս բնակության ու աշխատանքի վայրերի նկատմամբ։ Ավելի ուշ նրան ձերբակալել են թաքստոցից զենք վերցնելու փորձի ժամանակ, որտեղ հայտնաբերվել են Կալաշնիկով տեսակի ինքնաձիգ և զինամթերք։



