Հունիսի 26-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ իրենց վարչական տարածքում գտնվող գյուղերից մեկի մանկապարտեզում դաստիարակը երեխաների բերանները կպչուն ժապավենով փակել է, այնուհետև ստիպել ներողություն խնդրել։
Երեխաները դեպքից 3 օր հետո տեղեկացրել են իրենց ծնողներին, ովքեր բողոք են ներկայացրել, սակայն մանկապարտեզի տնօրենը հայտնել է, որ «ինչ ուզում եք արեք, այդ մանկավարժին չեմ հեռացնելու»։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի և բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանի գլխավորությամբ։Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղում պարզվել է, որ հունիսի 18-ին այդ գյուղում գործող մանկապարտեզի 31-ամյա դաստիարակը ստեղծել է խաղային իրավիճակ, որի ընթացքում օգտագործվել է կպչուն ժապավեն․ նա սկզբում որպես օրինակ այն փակցրել է իր բերանին, այնուհետև՝ մանկապարտեզի թվով երեք 5-ամյա սաների բերաններին՝ կպչուն ժապավենի վրա ուրախ և տխուր դեմքեր նկարելու նպատակով։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։



