Իրանի նախագահը շրջագայության է մեկնում Աֆրիկա...

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին այցով մեկնում է Աֆրիկայի մի քանի երկրներ՝ նրանց ղեկավարների հրավերով։ Այդ մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։

«Այսօր նախագահը կայցելի Աֆրիկայի մայրցամաք` մի շարք պետությունների ղեկավարների պաշտոնական հրավերով, - մեջբերել է նրա խոսքը Tasnim գործակալությունը։ - Նկատի առնելով, որ Իրանը և Աֆրիկայի երկրներն ունեն ընդհանուր ռազմավարական ընկալում, ինչպես նաև մշակութային կապեր, հուսով ենք, որ այս ուղևորության շրջանակներում մենք կկարողանանք ընդլայնել մեր համագործակցությունը»։

Քանաանին, սակայն, չի հայտնել, թե հատկապես ո՛ր պետություններ կայցելի Ռայիսին իր աֆրիկյան շրջագայության ընթացքում։

«Աֆրիկան ​​հնարավորությունների մայրցամաք է։ Վերջին մի քանի տարիներին Աֆրիկայի տնտեսությունը զարգանում է և գրավում շատ երկրների ուշադրությունը», - ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղարը: