Այսօր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով անդրադարձավ Fip.am-ի՝ «Կեղծ տվյալներ Ալեն Սիմոնյանի հայտարարագրում» վերտառությամբ հրապարակմանը՝ ներկայկացնելով «Հայէկոնոմբանկից» իրեն տրամադրված տեղեկանք, որտեղ նշված է, որ 2018 թ. հունիսի 8-ին Սիմոնյանի պլաստիկ քարտին բացվել էր 16,000 դոլար գումարով վարկային գիծ։ Նույն օրն էլ վերոնշյալ գումարը կանխիկացվել է ամբողջությամբ։ Ըստ Սիմոնյանի, իր RANGE ROVER EVOQUE մեքենան ձեռք է բերել հենց այս գումարի ներգրավմամբ։
Դրան հաջորդեց Fip.am-ի խմբագրության հրապարակումը, ըստ որի՝ FIP.am-ի թիմը ի գիտություն է ընդունում Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշածը, սակայն պնդումը, որը ԱԺ պատգամավորի հայտարարագրերում կեղծ տվյալներ կան, մնում է իրական (և էլ ավելի է հիմնավորվում)։ Խմբագրությունը հրավիրում է Ալեն Սիմոնյանին դեմ առ դեմ հարցազրույցի:
Politik.am-ը Ալեն Սիմոնյանին մեկնաբանություն խնդրեց Fip.am-ի նոր հրապարակման վերաբարյել, և հետաքրքրվեց՝ կընդունի՞ հարցազրույցի հրավերը.«Ես կրկնում եմ՝ ներողություն կխնդրեն, հերքում կտպագրեն, հետո միայն կխոսենք հարցազրույցի մասին: Իրենք ասել էին, որ եթե երկուշաբթի օրը մամուլում տեղ գտած հրապարակման հիման հրա ՀՔԾ-ն քրեական գործ չհարուցի, իրենք են դիմելու ՀՔԾ: Թող դիմեն ՀՔԾ: Ինչու՞ են ինձ կանչում իրենց խմբագրություն: Մինչև հրևապարակում անելը ինչու՞ չէին կանչում իրենց խմբագրություն, ինչու՞ չէին սպասում, որ ամսի 31-ը լրանա, հայտարարագիրը հրապարակվի, նոր սրա մասին գրեն: Ես իրենց հետ այլևս ոչինչ չունեմ խոսելու, և հայտարարում եմ, որ այս թեմայի հետ կապված այլևս հարցազրույց չեմ տալու և մեկնաբանություններ չեմ անելու: Իրենց աշխատանքն ու միտումը, որ ես տեսնում եմ, ինձ թույլ են տալիս այս մասին չխոսել: Եթե կան ինչ-որ փաստեր, թող դիմեն համապատասխան մարմիններին, ես պետությանը իմ բացատրությունները կտամ: Ինձ ասում են, որ քննիչն ինձ հետ կզրուցի. ես կզրուցեմ քննիչի հետ, չեմ վախենում: Բայց դրա համար իրենք, առնվազն, պետք է դիմած լինեն ՀՔԾ, որը խոսք են տվել, բայց չեն անում»:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրեի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր նաև՝ «Ալեն Սիմոնյանն ասել է, որ Իոաննիսյանը հայտնի է «թերի գրած Ընտրական օրենսգրքով»»:
«Ես չեմ ասել, թե թերի է եղել Ընտրական օրենսգրքի նախագիծը, ասել եմ՝ ներկայացումն է թերի եղել: Սա ևս մեկ ապացույց է, որ ինքը ուշադիր չէ, լավ չի աշխատում: Ընտրական օրենսգրքի ներկայացումն իր կողմից թերի էր արվում, և ես փորձում էի ամեն կերպ պաշտպանել Ընտրական օրենսգիրքը, որովհետև հասկանում էի դրա քաղաքական և իրավական կշիռը»,-ասաց պատգամավորը:
Դանիել Իոաննիսյանը, սրան ի պատասխան, Politik.am-ի հետ զրույցում նշեց՝ յուրաքանչյուրը կարող է լսել, թե ինչ է ասել Սիմոնյանը:
«Ի՞նչ է նշանակում՝ թերի է ներկայացվել: Ներկայացնողը եղել է Կառավարությունը, մասնավորապես՝ Արդարադատության փոխնախարարը: Ես Ազգային Ժողովին ներկայացրե՞լ եմ Ընտրական օրենսգիրքը: Ստացվում է՝ Սիմոնյանը կառավարությանն է մեղադրում նախագիծը թերի ներկայացնելու մեջ: Ես Ընտրական օրենսգիրքը գրել եմ՝ չեմ կարծում, որ թերի, և կարևորը՝ ես չեմ գրել այն մենակ: Ինձ համար, իհարկե, շատ պատվաբեր կլիներ, որ այդ նախագիծը, որը Հայաստանի պատմության՝ երբևէ ներկայացրած ամենաժողովրդավար նախագիծն էր, միայն ես հեղինակած լինեի, բայց այն միայն ես չեմ հեղինակել, բավականին զգալի թիմ է աշխատել նախագծի վրա: Իսկ ինչ վերաբերում է նախագծին, ապա Ազգային Ժողովում, կարծես թե, միմիայն կողմ են եղել այդ նախագծին: Մի քիչ անհեթեթ է ինձ մեղադրել մի բանում, որը՝ Ա՝ ես չեմ արել, Բ՝ լավ է արվել»,-ասաց Իոաննիսյանը:
Քիչ անց Սիմոնյանը մեզ հետ զրույցում վերահաստատեց իր ասածը.«Ես իրեն մեղադրում եմ անուշադրության, անփութության մեջ, ինքն իմ ուղիղ եթերը նայում է, մի բան լսում, ուրիշ բան գրում: Կրկնում եմ՝ չեմ ասել՝ թերի գրած, ասել եմ՝ թերի է ներկայացրել: Ես զարմանում եմ, չգիտեմ՝ ինչ ասել: Այս տղան, ընդհանրապես, ի՞նչ է ուզում կյանքից: Այլ մարդ չկար, ինքն էր ներկայացնում նախագիծը»: Ալեն Սիմոնյանը ընդգծեց՝ նկատի ունի Ազգային ժողովում հուլիսի 17-ին Ընտրական օրենսգրքի քննարկումը, որի ժամանակ, ԱԺ ՀՀԿ խմբակցության (այդ ժամանակ) պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, ըստ էության, վիրավորել էր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների կառավարական հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին:
Մարիամ Սարգսյան



