Ի՞նչ է ստիպում Փաշինյանի իշխանությունը նախագա...

Իշխող մեծամասնությունը շարունակում է դեմոնստրատիվ կերպով մերժել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ներկայացրած Սահմանադրական Դատարանի թեկնածուներին։ Նախագահ Արմեն Սարգսյանը ԱԺ չորս անգամ ներկայացրել է ՍԴ իր թեկնածուին, սակայն մեծամասնությունը դեմ է քվեարկել։ Մայիսի 29-ին ԱԺ մեծամասնությունը դեմ քվեարկեց նախագահ Արմեն Սարգսյանի չորրորդ թեկնածուին՝ Արթուր Վաղարշյանին։

Մեր նախորդ հրապարակումներում, խոսելով նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածուների չընտրվելու մասին, գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն կերպ ցանկանում է ՍԴ անդամ դարձնել առաջին նախագահ Լևոն տեր-Պետրոսյանի թիմակից, փաստաբան Վահե Գրիգորյանին։ Ի դեպ, Վահե Գրիգորյանը մեկ անգամ արդեն Արմեն Սարգսյանի կողմից եղել է թեկնածու, սակայն այն ժամանակ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն դեմ քվեարկեց։ 

ՍԴ անդամը պետք է լինի քաղաքականապես անկախ, և ՀՀԿ-ն իր դեմ քվեարկելը մեկնաբանեց նրանով, որ Վահե Գրիգորյանը, լինելով Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցը, չի կարող անաչառ լինել։ 

Հիմա, երբ խոսակցություններ են գնում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հնարավոր հրաժարականի մասին, իշխանությունները առավել շատ են ցանկանում, որ Վահե Գրիգորյանը ընտրվի ՍԴ անդամ։  Թովմասյանի հրաժարականի դեպքում, ըստ իշխանությունների պլանի, պետք է արվի ամեն բան, որ հենց Վահե Գրիգորյանը դառնա ՍԴ նախագահ։ 

Բայց այստեղ այլ հարց է առաջանում՝ նախագահ Արմեն Սարգսյանի համար էլ սկզբունքային հարց է Վահե Գրիգորյանին չառաջադրելը։ Խնդիրն այն է, որ Վահե Գրիգորյանը թեկնածու դառնալուց առաջ հայտարարել էր, որ Արմեն Սարգսյանը ոչ լեգիտիմ նախագահ է։ Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում նաև վիրավորական արտահայտություններ էր թույլ տվել նախագահի հասցեին։ Մեր աղբյուրների պնդմամբ՝ Գրիգորյանը, երբ հայտ է ներկայացնել դառնալ  նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածուն, հանդիպել է նրա հետ և ներողություն խնդրել իր հայտարարությունների համար, սակայն երբ առաջադրվել է հրապարակային, վերահաստատել է իր տեսակետը Արմեն Սարգսյանի՝ ոչ լեգիտիմ նախագահ լինելու մասին։ Եվ  հիմա, եթե Արմեն Սարգսյանը կրկին առաջադրի Վահե Գրիգորյանին, կստացվի, որ նա ընդունում է իր հասցեին հնչած մեղադրանքների ճշմարտացիությունը։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է ստիպել նախագահ Արմեն Սարգսյանին գնալ զիջման և առաջադրել հենց  Վահե Գրիգորյանին։ Եվ այս դեպքում նախագահ Արմեն Սարգսյանի կամքից են կախված իր հետագա քայլերը: Եթե նա ընկրկի և առաջադրի Վահե Գրիգորյանին, ապա հաջորդ իսկ պահին պետք է հրաժարականի դիմում ներկայացնի՝ որպես ոչ լեգիտիմ նախագահ։