Հայաստանը կփակի՞ օդային տարածքը Իրանի համար․...

ԱՄՆ-ը Իրանի դեմ ճնշման նոր ուղղություն է բացել՝ թիրախավորելով երկրի քաղաքացիական ավիացիան։ Սեպտեմբերի 8-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցների տակ է ներառել իրանական ևս 27 ավիաընկերություն և ավիացիոն ոլորտի մի շարք կառույցներ։

Վաշինգտոնը զգուշացրել է նաև երրորդ երկրների ընկերություններին․ պատժամիջոցների տակ գտնվող իրանական օդանավերին վառելիք, վերգետնյա սպասարկում կամ այլ ծառայություններ տրամադրողները նույնպես կարող են հայտնվել սահմանափակումների տակ։

Այս մեխանիզմն արդեն աշխատում է։ Վրաստանն ու Ադրբեջանը սահմանափակել են իրանական ավիաընկերությունների թռիչքները, խնդիրներ են առաջացել նաև Իրաքում և Օմանում, իսկ ԱՄԷ-ն հայտարարել է իրանական ավիաընկերությունների չվերթների դադարեցման մասին։ Թուրքմենստանը նույնիսկ թույլ չի տվել իրանական օդանավին օգտագործել իր օդային տարածքը Թեհրան–Դուշանբե չվերթի ժամանակ։

Տարածաշրջանում, սակայն, Իրանի համար ճանապարհները ամբողջությամբ փակված չեն։ Թուրքիան շարունակում է ընդունել որոշ իրանական չվերթներ, իսկ Իրանի օդային հաղորդակցության փոքրացող քարտեզի վրա առանձնահատուկ նշանակություն է ստանում Հայաստանը։

Սեպտեմբերի 24-ի դրությամբ Հայաստանը շարունակում էր պահպանել օդային հաղորդակցությունն Իրանի հետ։ Իրանական Varesh Airlines-ը դեռ Երևան էր թռչում, թեև հենց այդ ընկերությունը ներառված է ԱՄՆ նոր պատժամիջոցների ցանկում։ Գործող ավիացիոն NOTAM-ը նույնպես ցույց է տալիս, որ Թեհրանի և Երևանի թռիչքային տեղեկատվական շրջանների միջև փոխանցման կետերը բաց են միջազգային թռիչքների համար։

Այսինքն՝ Հայաստանի և Իրանի միջև օդային դուռը դեռ բաց է։ Եթե հարևան մյուս ուղղությունները սահմանափակվում են, Հայաստանի նշանակությունն Իրանի արտաքին հաղորդակցության համար աճում է։

Բայց այստեղ առաջանում է գլխավոր հարցը՝ մինչև ե՞րբ Հայաստանը կկարողանա պահպանել այդ ճանապարհը։

ԱՄՆ ճնշումը պարտադիր չէ արտահայտվի Երևանին ուղղված՝ օդային տարածքը փակելու պահանջով։ Երկրորդային պատժամիջոցների վտանգի տակ կարող են հայտնվել օդանավակայանները, բանկերը, վառելիք մատակարարող և իրանական օդանավերը սպասարկող ընկերությունները։

Հետևաբար առաջիկայում Հայաստանի համար հարցը լինելու է՝ կկարողանա՞ պահպանել Իրանի հետ օդային հաղորդակցությունը, եթե ամերիկյան ճնշումն ուժեղանա։