«Նիկոլ հողատու». Ալեն Սիմոնյանը ե՞րբ կասի այս...

Ալեն Սիմոնյանի քաղաքական կենսագրությունը կարելի է ուսումնասիրել պաշտոններով, հայտարարություններով ու խորհրդարանական ելույթներով։ Բայց նրա քաղաքական կերպարը հասկանալու համար թերևս ավելի խոսուն է մեկ այլ ցուցակ՝ Ալեն Սիմոնյանի նախկին ընկերների ցուցակը։

Այդ ցուցակում մարդիկ սկզբում «ընկերներ» են, երբեմն՝ նույնիսկ տասնամյակների ընկերներ, իսկ քաղաքական ճանապարհների բաժանումից հետո նույն մարդիկ դառնում են նրա ամենակոշտ քննադատության, երբեմն էլ՝ անձնական վիրավորանքների թիրախ։

Հայկ Մարությանի հետ Սիմոնյանը խոսում էր տասնամյակների ընկերության մասին։

«Մեր ընկերությունը փշերի միջով տանելու ենք դեպի աստղեր»,- գրում էր նա։

Բայց երբ Մարությանը հեռացավ իշխանական թիմից, աստղերի ճանապարհը շատ արագ ավարտվեց։ Նախկին ընկերը դարձավ «ուրացող», «պորտաբույծ», «եսակենտրոն», իսկ վերջում Սիմոնյանը նրան դիմեց արդեն այսպես՝ «Ամոթ քեզ, Տկզար»։

Արթուր Վանեցյանն էլ էր ընկեր։

Սիմոնյանն ինքն էր հրապարակայնորեն ասում. «Արթուր Վանեցյանն իմ ընկերն է, նրա հետ խոսել եմ»։

Հետո Վանեցյանը հեռացավ իշխանությունից և դարձավ ընդդիմադիր։ Եվ որոշ ժամանակ անց նույն Սիմոնյանն արդեն հայտարարում էր. «Արթուր Վանեցյանը քաղաքական գործիչ ո՛չ եղել ա, ո՛չ կա, ո՛չ կլինի»։

Հայկ Սարգսյանն էլ էր ընկեր։ Ավելին՝ Սիմոնյանը նրան անվանում էր իր «մտերիմ ընկերը»։

Այս ընկերությունն էլ չդիմացավ իշխանության ներսում առաջացած հակասություններին։ Հետագայում նրանց հարաբերությունները վերածվեցին հրապարակային հակամարտության, փոխադարձ մեղադրանքների և միմյանց մասին անցանկալի պատմություններ հրապարակ բերելու գործընթացի։

Երեք տարբեր մարդ, երեք նախկին ընկեր, բայց գրեթե նույն քաղաքական սյուժեն։

Քանի դեռ ճանապարհները համընկնում են՝ ընկերություն։ Երբ ճանապարհները բաժանվում են՝ կոշտ քննադատություն։ Իսկ որոշ դեպքերում՝ նաև անձնական վիրավորանք։

Այս ֆոնին առանձնահատուկ հետաքրքիր է Ալեն Սիմոնյանի այսօրվա վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։

Այսօր Փաշինյանն էլ նրա ընկերն է։

Սիմոնյանը Փաշինյանին անվանել է իր «ղեկավար, ընկեր և գործընկեր», հայտարարել է, որ իր ու Փաշինյանի միջև հակասություն լինել չի կարող, մեկ այլ առիթով էլ հավաստիացրել է, որ միշտ լինելու է Փաշինյանի կողքին՝ «կես քայլ հետ»։

Եվ այստեղ, թերևս, կարելի է բավական վստահ ենթադրել մեկ բան․ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է և իշխանության կենտրոնը, նա կմնա Ալեն Սիմոնյանի ընկերը։ Նույնիսկ եթե ինչ-որ պահի հենց Սիմոնյանը կորցնի պաշտոնը, նրա անցած քաղաքական ճանապարհը հիմք չի տալիս սպասելու, որ իշխանություն ունեցող Փաշինյանի հետ հարաբերությունները նույն արագությամբ կվերածվեն հրապարակային պատերազմի։

Բայց ամբողջովին այլ իրավիճակ կարող է ստեղծվել այն օրը, երբ Փաշինյանն ինքը կորցնի իշխանությունը։

Այստեղ արդեն սկսվում է ամենահետաքրքիր հարցը։

Եթե Ալեն Սիմոնյանն այդքան անողոք բառապաշար է օգտագործել Հայկ Մարությանի, Արթուր Վանեցյանի և մյուս նախկին ընկերների հասցեին, ապա ի՞նչ բառեր կարող է գտնել իր բառարանում Նիկոլ Փաշինյանի համար, եթե վերջինս այլևս իշխանության ղեկին չլինի։

Որքան ավելի բարձր է եղել նախկին ընկերոջ քաղաքական դիրքը, այնքան ավելի ծանր կարող է լինել հետագա հրապարակային սահմանազատման գինը։

Եվ եթե մի օր Սիմոնյանը որոշի Փաշինյանից սահմանազատվել նույն մեթոդով, որով սահմանազատվել է նախկին ընկերներից, դժվար չէ պատկերացնել, թե որքան կոշտ կարող է լինել այդ բառապաշարը։ Հնարավոր է՝ այդ ժամանակ հնչեն նույնիսկ այն բնորոշումները, որոնք այսօր Փաշինյանի հասցեին օգտագործում են նրա ընդդիմախոսները, ընդհուպ՝ «հողատու» բառը։

Սա, իհարկե, կանխատեսում չէ։ Սա հարց է, որը ծնվում է հենց Ալեն Սիմոնյանի քաղաքական անցյալից։

Որովհետև այսօր նա Փաշինյանի մասին խոսում է այնպես, ինչպես ժամանակին խոսում էր իր մյուս ընկերների մասին։

Իսկ մենք արդեն գիտենք, թե հետո ինչպես էր խոսում այդ ընկերների մասին։

Հետևաբար հիմնական հարցը թերևս այլևս այն չէ, թե ինչ կարող է Ալեն Սիմոնյանն ասել իշխանությունը կորցրած Նիկոլ Փաշինյանի մասին։

Նրա նախկին ընկերների պատմությունը թույլ է տալիս պատկերացնել, որ բառապաշարի պակաս հաստատ չի լինի։

Մնում է հասկանալ՝ ե՞րբ կարող է գալ այդ օրը։