Բաքուն մեղադրում է Փաշինյանի իշխանությանը

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին պաշտոնական հայտարարությունների ֆոնին ադրբեջանական տեղեկատվական դաշտում նկատելիորեն կոշտացել է Հայաստանի վերաբերյալ հռետորաբանությունը։ Դրա դրսևորումներից մեկը դարձավ «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում Երևանում նախատեսված հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպման հետաձգումը։

Ադրբեջանական APA-ն հաղորդել է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ Պաշտոնականին մոտ ձևակերպմամբ՝ Բաքուն «ներկա փուլում հանդիպման անցկացումը նպատակահարմար չի համարում»։

Ավելի բաց պատճառաբանություն է ներկայացնում Minval-ը։ Լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, պնդում է, որ Հայաստանում Ադրբեջանի դեմ ծավալվել է «լայնածավալ տեղեկատվական արշավ», որին ներգրավված են նաև արտասահմանյան լոբբիստական ու փորձագիտական շրջանակներ։ Ըստ հրապարակման՝ Բաքվում կարծում են, որ Ադրբեջանի նկատմամբ «տարածքային հավակնություններն» ու նրա ինքնիշխանության հարցերին «միջամտելու փորձերը» աջակցություն են ստանում Հայաստանի պետական կառույցներից։ Minval-ի աղբյուրները դրա հետևում տեսնում են նաև Հայաստանի ղեկավարությանը։ 

Լարվածության նախապատմությունը սեպտեմբերի 11–12-ին դիվանագետների՝ Ղարաբաղ և Ադրբեջանի կողմից «Արևելյան Զանգեզուր» անվանվող տարածքներ կատարած այցի շուրջ Հայաստանում առաջացած արձագանքն է։ Դրանից հետո «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության ադրբեջանական խումբը հայտարարություն տարածեց՝ հայկական մամուլի արձագանքը որակելով «կողմնակալ» և զգուշացնելով խաղաղության գործընթացի վրա «ռևանշիստական ուժերի» ազդեցությունից։

Ադրբեջանական մամուլում թեման ավելի լայն քարոզչական շրջանակ է ստացել։ APA-ում և այլ լրատվամիջոցներում հրապարակվում են նյութեր, որոնց հիմնական թեզն այն է, թե Հայաստանում առկա տրամադրությունները ցույց են տալիս՝ երկիրը կամ հասարակության մի մասը պատրաստ չէ խաղաղության։

Այսպիսով, ադրբեջանական մեդիայում ձևավորվող շղթան բավական պարզ է՝ դիվանագետների Ղարաբաղ այց, Հայաստանում քննադատական արձագանք, Բաքվի մեղադրանքներ հայկական մեդիայի և քաղաքական շրջանակների հասցեին,  ադրբեջանական պատվիրակության Երևան այցի հետաձգում։

Ստացվում է հակասական պատկեր․ պաշտոնական մակարդակում Բաքուն շարունակում է խոսել խաղաղությունից, սակայն առաջին իսկ լուրջ տեղեկատվական տարաձայնության պայմաններում հասարակությունների միջև երկխոսության համար ստեղծված «Խաղաղության կամուրջը» կանգ է առնում։ Իսկ ադրբեջանական մամուլում Հայաստանի նկատմամբ մեղադրանքների լեզուն ոչ թե մեղմանում, այլ աստիճանաբար կոշտանում է։