Օկուպացված Արցախում՝ տասնյակ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների ներկայությամբ, հայ ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգության նկատմամբ Հիքմեթ Հաջիևի ցուցադրական վերաբերմունքը դժվար է պարզապես տգիտության կամ պատահականության արդյունք համարել։ Ադրբեջանի նախագահի խորհրդականը, որը նաև հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի առանցքային մասնակիցներից է, շատ լավ գիտեր՝ որտեղ է գտնվում, ում առջև է խոսում և ինչ արձագանք կարող են առաջացնել իր խոսքերն ու գործողությունները։
Ուստի տեղի ունեցածը կարելի է դիտարկել ոչ միայն որպես պատմության կեղծման հերթական դրսևորում, այլև որպես քաղաքական սադրանք, որը կարող է ծառայել հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության բարձրացմանը։
Հատկանշական է նաև Հայաստանի իշխանությունների արձագանքը։ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, անդրադառնալով Հաջիևի հայտարարություններին, զգուշացրեց, որ դրանց արձագանքելը կարող է շատ արագ հանգեցնել կոնֆլիկտային տրամաբանության վերականգնման։
Այս ձևակերպումն ինքնին կարևոր ազդակ է։ Եթե անգամ պատմական ակնհայտ կեղծիքին պետական մակարդակով կոշտ պատասխան տալը Երևանում դիտարկվում է որպես հակամարտության տրամաբանության վերադարձի վտանգ, ապա հարց է առաջանում՝ Հայաստանի իշխանություններն ի՞նչ ռիսկեր են տեսնում հայ-ադրբեջանական հարաբերություններում և ինչո՞ւ են այդքան զգուշավոր։
Պատերազմի սցենարը Բաքուն երբեք հրապարակայնորեն և միանշանակ չի բացառել։ Պատերազմից տարիներ անց Ադրբեջանում շարունակում են պահվել հայ գերիներ և այլ կալանավորված անձինք։ Միաժամանակ, մինչ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հրապարակայնորեն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նույնիսկ այն արտահայտելով կոնկրետ՝ 86,600 քառ. կմ տարածքով, Բաքվի կողմից Հայաստանի 29,743 քառ. կմ տարածքային ամբողջականության նույնքան հստակ ու հրապարակային ճանաչման հարցը երկար ժամանակ մնացել է հայկական քաղաքական օրակարգի առանցքային խնդիրներից մեկը։
Այժմ ստեղծվող մթնոլորտը հիմք է տալիս առնվազն քննարկելու ավելի վտանգավոր սցենար։ Եթե Բաքուն իսկապես շահագրգռված լիներ միայն հարաբերությունների հանգիստ կարգավորմամբ, ինչո՞ւ էր անհրաժեշտ շուրջ 150 օտարերկրյա ներկայացուցիչների ներկայությամբ Գանձասարն ու Դադիվանքը ներկայացնել որպես ոչ հայկական ժառանգություն, իսկ հայկական ձեռագրերի թեման վերածել ծաղրի առարկայի։
Սա այն դեպքում, երբ Երևանը փորձում է խուսափել անգամ կոշտ բառապաշարից՝ այն հիմնավորմամբ, որ հակառակ դեպքում կարող է վերականգնվել «կոնֆլիկտային տրամաբանությունը»։
Փաշինյանի և ՔՊ-ականների չափազանց զգուշավոր արձագանքները ցույց են տալիս առնվազն մեկ բան՝ Հայաստանի իշխանությունները ևս վտանգավոր են համարում իրավիճակի սրումը։
Ընդամենը օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը Գերմանիայում էր, որտեղ նրան հանձնվեց Հեսսենյան խաղաղության մրցանակը։ Մրցանակը ստանալիս Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նաև Իլհամ Ալիևին և հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահը «հավասարապես արժանի է այս մրցանակին»։
Ստացվում է բավական հակասական պատկեր։
Մի կողմից՝ Բաքվում պահվում են հայ գերիներ և այլ կալանավորված անձինք, Արցախը հայաթափված է, իսկ Ադրբեջանի նախագահի խորհրդականը օտարերկրյա դիվանագետների առջև հայկական միջնադարյան վանքերը ներկայացնում է որպես «կովկասյան-աղվանական» ժառանգություն։ Մյուս կողմից՝ Հայաստանի վարչապետը Ալիևին հայտարարում է խաղաղության մրցանակի հավասարապես արժանի գործիչ և միաժամանակ զգուշացնում, որ ադրբեջանական սադրանքներին կոշտ արձագանքը կարող է մեզ վերադարձնել հակամարտության տրամաբանությանը։
Փաշինյանի այս վարքագիծը կարելի է բացատրել պատերազմից խուսափելու նրա ռազմավարությամբ։ Նա փորձում է առավելագույնս նվազեցնել Բաքվի հետ հրապարակային առճակատումը և նույնիսկ Ալիևի հասցեին դրական ուղերձներով պահպանել խաղաղության գործընթացը։
Բայց այստեղ առաջանում է շատ ավելի կարևոր հարց. արդյո՞ք խաղաղությունը հնարավոր է պահպանել միայն հայկական կողմի զիջումների, լռության և Բաքվի սադրանքներին չարձագանքելու հաշվին։
Առավել ևս, երբ տարածաշրջանի շուրջ մեծ աշխարհաքաղաքական հակամարտությունները չեն ավարտվել։ Իրանի շուրջ հնարավոր նոր ռազմական զարգացումները կարող են ամբողջ Հարավային Կովկասը մտցնել նոր և անկանխատեսելի փուլ։ Եթե այդպիսի իրավիճակում Ադրբեջանի առջև առաջանան նոր արտաքին ճնշումներ կամ ռազմաքաղաքական ընտրություններ, չի կարելի բացառել, որ Բաքուն փորձի իր խնդիրների լուծման համար կրկին օգտագործել Հայաստանի նկատմամբ ճնշման կամ ռազմական էսկալացիայի գործոնը։
Հենց այդ պատճառով Հաջիևի՝ Գանձասարում կազմակերպած ցուցադրությունը պետք չէ դիտարկել միայն որպես պատմագիտական վեճ կամ հերթական հակահայկական հայտարարություն։
Երբ մի կողմը սադրում է, իսկ մյուս կողմը նույնիսկ պատասխանելուց է զգուշանում՝ պատերազմի վտանգով պայմանավորված, դա արդեն խաղաղության ամրության մասին չէ։
Դա խաղաղության փխրունության մասին է։



