
Ռուսաստանը պատրաստ է իր նպաստը բերել Իրանի խաղաղ միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցություններում։
Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք շարունակում ենք պահպանել սերտ շփում իրանական գործընկերների հետ այս թեմայի շուրջ։ Ամերիկացիներն էլ հստակ պատկերացում ունեն ռուսական մոտեցումների վերաբերյալ։ Թեհրանում և Վաշինգտոնում տեղյակ են Ռուսաստանի պատրաստակամության մասին՝ անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու որոնվող բանակցային լուծման մշակման գործում, որը կվերացնի կասկածներն ու կանխակալ վերաբերմունքը Իրանի խաղաղ միջուկային ծրագրի նկատմամբ՝ խստորեն պահպանելով միջազգային իրավունքի նորմերը»,- նշել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող անուղղակի երկխոսության արդյունավետության վրա և պատրաստ է իր նպաստը բերել բանակցային գործընթացին։ «Հուսով ենք, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև շարունակվող անուղղակի երկխոսությունը արդյունք կտա։ Մեզ հասած տեղեկություններով՝ հաջորդ փուլը կարող է կայանալ մոտ ժամանակներս։ Մենք համոզված ենք, որ միայն դիվանագիտությունն է ի վիճակի ապահովել փոխընդունելի և կենսունակ լուծում՝ հիմնված միջազգային իրավունքի և շահերի հավասարակշռության վրա։ Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու բանակցային գործընթացին»,- ասել է Զախարովան։
Իրանը և ԱՄՆ-ն Օմանի միջնորդությամբ արդեն անցկացրել են անուղղակի բանակցությունների հինգ փուլ՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ։ Վերջին փուլն անցկացվել է մայիսի 23-ին, Հռոմում։ Դրանից հետո Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտնել է Օմանի կողմից առաջարկված մեխանիզմների մասին, որոնք կարող են նպաստել բանակցային գործընթացի առաջընթացին։ Նա ընդգծել է, որ որոշակի առաջընթաց հնարավոր է մեկ-երկու բանակցային փուլից հետո։ Բանակցությունների հիմնական խոչընդոտը շարունակում է մնալ Իրանի կողմից ուրանի հարստացման հնարավորության հարցը։ Սակայն Իրանը նաև հայտնել է ուրանի հարստացման մակարդակը նվազեցնելու, ինչպես նաև միջուկային գործունեության նկատմամբ ավելի խիստ վերահսկողություն ընդունելու պատրաստակամության մասին՝ ընդգծելով ծրագրի խաղաղ բնույթը։ Բացի այդ, Իրանը նշել է, որ համաձայնության դեպքում հնարավոր է քննարկել ԱԷՄԳ-ի տեսուչների մուտքի հարցը միջուկային օբյեկտներ։