Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասա...

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Ախուրյանի երիտասարդական կենտրոն:

Երիտասարդական կենտրոնը գործում է 2025 թվականի հունիսից, այն հիմնվել է ԿԳՄՍ նախարարության, Ախուրյան համայնքի և «Պանդո» ՀԿ-ի համագործակցությամբ։ Նախարարին ուղեկցել են Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ու Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է երիտասարդական կենտրոնի գործունեությանը, զրուցել այնտեղ հաճախող դպրոցականների և երիտասարդների հետ։ Կենտրոնն այս պահին ունի ավելի քան 50 շահառու Ախուրյանից և շրջակա բնակավայրերից։ Մասնակիցներն ակտիվորեն ներգրավված են կրթական, մշակութային ու մասնակցային տարբեր նախաձեռնություններում՝ ցուցաբերելով մեծ հետաքրքրություն առաջարկվող ծրագրերի նկատմամբ և ներկայացնելով իրենց գաղափարները։ Նրանք նախարարին պատմել են նախընտրելի զբաղվածության ձևերի ու քննարկումների մասին՝ ընդգծելով, որ կենտրոնը դարձել է ոչ միայն ուսուցման, այլև ընկերական շփումների և նոր հմտությունների ձեռքբերման վայր։

Ժաննա Անդրեասյանը համոզմունք է հայտնել, որ մատչելի կրթական, սոցիալական և մասնակցային միջավայրը զգալիորեն կնպաստի համայնքի երիտասարդների կարողությունների զարգացմանը, առաջնորդության և քաղաքացիական ակտիվության խթանմանը։ Նրա խոսքով՝ երիտասարդական կենտրոնը պետք է դառնա նաև հարթակ, որն կխթանի երիտասարդների քաղաքացիական մասնակցությունը, կկազմակերպի ինտելեկտուալ ժամանց և կնպաստի իրազեկվածության բարձրացմանը։

Նախարարը հետաքրքրվել է՝ որքանով են կենտրոնի միջավայրն ու գույքային հագեցվածությունն ապահովում բավարար ներառականություն: Կենտրոնի տարբեր հատվածներում շրջայցի ընթացքում նշվել է, որ լուծված են տեղաշարժի հասանելիության խնդիրները. տեղադրվել է ուղղահայաց բարձրացնող էլեկտրական հարթակ, որը տեղաշարժման սահմանափակումներ ունեցող անձանց ևս հնարավորություն է տալիս լիարժեք օգտվելու կենտրոնի ծառայություններից:

Կենտրոնում գործում են հյուրերի համար նախատեսված հանգստյան սենյակներ, միջոցառումների սրահ, խաղասենյակ, ճաշասենյակ, ինչպես նաև գրադարանային հատված՝ ընթերցասրահով։ Սաներն ակտիվորեն մասնակցում են կրթական տարբեր ծրագրերի, կինոդիտումների, թեյախմությունների և թեմատիկ քննարկումների՝ հաճախ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ։ Պարբերաբար կազմակերպվում են նաև բաց դռների օրեր, որոնց ընթացքում ծնողները և այլ շահագրգիռ անձինք ծանոթանում են կենտրոնի գործունեությանն ու ծառայություններին։

Նախարարին ներկայացվել է, որ կենտրոնն աշխատում է երեք հիմնական ուղղություններով՝ թվային երիտասարդական աշխատանք (Digital Youthwork), գյուղական երիտասարդական աշխատանք (Rural Youthwork) և մտավոր առողջությանը վերաբերող աշխատանք (Mental Health)։ Այս ուղղություններն ընտրվել են երիտասարդների կարիքներին համապատասխան։ Կենտրոնը գործում է երիտասարդական առաջնորդության մեթոդաբանությամբ, ըստ որի՝ հենց երիտասարդներն են որոշում իրենց հետաքրքրող ծրագրերի և գործունեության բովանդակությունը։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ավագ դպրոցների հետ համագործակցությունը՝ կենտրոնի հիմնական ծրագրերն ու գործունեության ուղղությունները, ոչ ֆորմալ կրթական հնարավորություններն աշակերտներին ներկայացնելու նպատակով:

Երիտասարդական կենտրոնը տեղակայված է Ախուրյանի կոմունալ սպասարկում իրականացնող վարչության նախկին շենքում, որը համայնքապետարանի կողմից տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով: Ամբողջությամբ վերանորոգված կենտրոնը զբաղեցնում է 230 քմ տարածք. այն սպասարկելու է հարակից 35 բնակավայրերին և նախատեսված է շուրջ 300 երիտասարդի համար: