
Իսրայելական ուժերն ավիահարվածներ են հասցրել Սիրիայի կառավարության ռազմական շարասյանը, երբ այն դուրս էր գալիս աս-Սուեյդա քաղաքից։ Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Իսրայելական օդանավերը չորս ավիահարված են հասցրել աս-Սուեյդա քաղաքի ծայրամասերին՝ թիրախավորելով տարբեր վայրեր։
Իսրայելական բանակը հաստատել է, որ հարվածել է մի շարք տրանսպորտային միջոցների, այդ թվում՝ տանկերի, զրահափոխադրիչների և հրթիռային կայանքների՝ ավելացնելով, որ «շարունակում է հետևել զարգացումներին և զգոն է մնում ցանկացած սցենարի համար»։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել են, որ իրենք հստակ հրահանգներ են տվել իսրայելցի զինվորականներին՝ անհապաղ հարված հասցնել աս-Սուեյդա մտնող սիրիական ուժերին և զենքերին՝ պնդելով, որ «ռազմական ուժերի և զենքի մուտքը աս-Սուեյդա խախտում է նախկինում հաստատված ապառազմականացման քաղաքականությունը»։
Նեթանյահուն և Կացը վերահաստատել են Իսրայելի հանձնառությունը՝ պաշտպանելու Սիրիայի դրուզներին՝ «հիմնվելով Իսրայելի՝ դրուզների հետ եղբայրական դաշինքի վրա»։
Al Jazeera-ի թղթակիցը հաստատել է, որ աս-Սուեյդայի շրջակայքում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով վիրավորներ են գրանցվել Ներքին գործերի նախարարության ուժերի շրջանում։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածները հասցվել են այն բանից հետո, երբ «հուլիսի 14-ի երեկոյան սիրիական ուժերի ավտոշարասյուներ, այդ թվում՝ զրահափոխադրիչներ և տանկեր են նկատվել աս-Սուեյդայի ուղղությամբ շարժվելիս։
Ինչպես SANA գործակալությանը հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Հասան Աբդ ալ-Ղանին, կառավարական զորքերը սկսել են ծանր տեխնիկան և զենքը դուրս բերել աս-Սուեյդայից: Նրա խոսքով՝ քաղաքի և նահանգի նկատմամբ վերահսկողությունը փոխանցվել է անվտանգության ուժերին, որոնք կսկսեն զինաթափել անօրինական կազմավորումների զինյալներին: