Դանիան պատրաստ է վճարել Ուկրաինային Partiot հ...

Դանիան պատրաստ է ֆինանսավորել ամերիկյան Partiot հակահրթիռային պաշտպանության համակարգերի մատակարարումներն Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Դանիայի արտաքին գործերի նախարար Լարս Լոկե Ռասմուսենը Բրյուսելում գործընկերների հետ հանդիպումից առաջ:

«Մենք ինքներս չունենք այնպիսի համակարգեր, ինչպիսին  Patriot-ն է: Եթե որոշվի դրանք մատակարարել, իսկ մենք միանգամայն պատրաստ ենք դա անել, ապա դա կֆինանսավորվի: Մենք պետք է մշակենք մանրամասները. դրանք կարող են լինել Ուկրաինայի կողմից գնումներ.... կամ ուղղակի վճարում Միացյալ Նահանգներին: Ամենակարևորն այն է, որ Ամերիկան պատրաստ է մատակարարել այդ անհրաժեշտ զենքը», - Դանիայի ԱԳ նախարարի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Քաղաքական գործիչը նաև հավելել է, որ ԵՄ-ն մոտ է հակառուսական պատժամիջոցների 18-րդ փաթեթի ընդունմանը, որը նախատեսում է նավթի գների առավելագույն շեմի իջեցում մեկ բարելի դիմաց 60 դոլարից մինչև 45 դոլար:

«Մենք շատ, շատ մոտ ենք: Ես չգիտեմ՝ դա տեղի կունենա այսօր թե վաղը, բայց համոզված եմ, որ մենք մոտ ենք», - ընդգծել է նա: 

Վերջին երեք տարում Դանիան Կիևին է ուղարկել մոտ 9 միլիարդ եվրո ռազմական և մոտ 867 միլիոն եվրո քաղաքացիական օգնության համար։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 14-ին հայտարարել է, որ Վաշինգտոնը որոշել է այսուհետ էլ զենք և ռազմական տեխնիկա փոխանցել Կիևին, եթե Եվրոպան վճարի այդ մատակարարումների համար։ Այդ գործընթացը կհամակարգի ՆԱՏՕ-ն։