«Երևանի ՀԷԿ-1»-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքները կվերացվեն առաջիկայում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը։
«Բեռնատարներն արդեն Հայաստանում են, և աշխատանքներն ակտիվորեն ընթանում են այդ ուղղությամբ։ Ընկերությունը վստահեցնում է, որ շուտով կավարտվի հրդեհի հետևանքների վերացումը, իսկ Կենտրոնում և Արաբկիրում հաճախակի դարձած հոսանքազրկումները կդադարեն»,- ասաց Բաղրամյանը։
Հիշեցնենք, որ «Երևանի ՀԷԿ»–ում բռնկված հրդեհի հետևանքով Կենտրոն և Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում դադարեցվել է էլեկտրամատակարարումը։ Հրդեհից հետո Երևանում հաճախակի են դարձել էլեկտրաէներգիայի անջատումները։ ՀԷՑ–ը պարզաբանել էր պատճառը` քանի որ Երևանի ՀԷԿ-ից է սնվում մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի շուրջ 30 և Արաբկիրի շուրջ 20 տոկոսը, այս պահին բեռը տեղաբաշխվել է ՀԷՑ–ի այլ ենթակայանների միջև։



