ՀՀ կառավարությունը ֆինանսական միջոցներ կհատկա...

Նորոգման,  նյութատեխնիկական վիճակի բարելավման նպատակով ՀՀ կառավարությունը ֆինանսական լուրջ միջոցներ կտրամադրի մի շարք մշակութային կառույցների:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը խոստովանում է՝ շատ լավ տրամադրություն ունեն, քանի որ մի քանի ժամ առաջ ՀՀ կառավարության որոշմամբ՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին հատկացվում է 138 մլն 491 հազար դրամ՝ տանիքի նորոգման նպատակով: Փոխնախարարը կարծում է՝ սա առաջին պետական թատրոնի 100-ամյակի ամենամեծ նվերն է:

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հատկացվել է 13 մլն 918 հազար դրամ՝ սառնամատակարարման և ջրամատակարարման համակարգերը նորոգելու համար, իսկ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին հատկացվել է 57 մլն դրամ՝ փորձասենյակների, աստիճանավանդակների նորոգման համար: «Ընդամենը մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ՝  եթե չեմ սխալվում, շուրջ 228 մլն դրամ է հատկացվել  «Արամ Խաչատրյան» համերգասրահին՝ աթոռների ամբողջական նորոգման նպատակով: Հաջորդ տարի տոնելու ենք Արամ Խաչատրյանի 120-ամյակը, և մենք ցանկանում ենք տարին պատշաճ դիմավորել  ոչ միայն մեծ կոմպոզիտորին նվիրված  մի շարք միջոցառումներով, այլև նրա անունը կրող դահլիճը լավ վիճակում պահելով»,-շեշտում է Խզմալյանը:

Նա կարևորում է նաև այն փաստը, որ ՀՀ կառավարության՝ դեկտեմբերի 22-ի հերթական նիստի ընթացքում որոշվել է լուծել նաև Հայաստանի երգի պետական թատրոնի նստատեղերի խնդիրը: Ավելի վաղ լուծվել էր լուսաձայնային տեխնիկայի խնդիրը, իսկ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնին որոշվել է հատկացնել շուրջ 286 մլն դրամ՝ լուսաձայնային տեխնիկայի ձեռքբերման նպատակով:

Փոխնախարարն ընդգծում է Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցին շուրջ 17 մլն դրամ հատկացնելու կարևորությունը: «Մոսկվայից մի նվիրատու դպրոցին նվիրում է երգեհոն: Գումարը տրամադրվելու է երգեհոնի տեղափոխման, մոնտաժային աշխատանքների իրականացման ու այն գործադրելու համար: Սա շատ էական է մեզ համար, քան որ այսօր Հայաստանը երգեհոնահարների դպրոցը պահպանելու խնդիր ունի: Մենք մատների վրա հաշված մասնագետներ ունենք: Կան նաև երգեհոնային կրթությունն ապահովելու վերաբերյալ լրջագույն խնդիրներ: Կարծում եմ՝ գործիքը, որը տեղադրվելու է Չայկովսկու անվան դպրոցում, կիրառություն ու գործածություն է ունենալու ոչ միայն  դպրոցի սաների շրջանակում»,-հավաստիացնում է նա:

Անդրադառնալով Կոմիտասի անվան երաժշտության տան երգեհոնին՝ փոխնախարարն ասում է՝ գործիքը հարաբերականորեն լավ վիճակում է ու հիշեցնում, որ «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը չի աշխատում, կոնսերվատորիայում կան երգեհոններ, որոնք վատթար վիճակում են, Հայաստանի կոմպոզիտորների միությունում կա երգեհոն, Չարենցավանում, Կապանում ևս կան երգեհոններ, սակայն բոլորն էլ նորոգման կարիք ունեն: «Երգեհոնը, չնայած արտաքին ամրությանը, շատ նուրբ գործիք է: Առաջիկայում գուցե առանձին ծրագիր ներկայացնենք ՀՀ կառավարություն՝ երգեհոնների վերանորոգման նպատակով»,-շեշտում է Խզմալյանն ու հավելում, որ երգեհոնային երաժշտության տարածման քաղաքականություն են վարում: Այդ մասին է խոսում նախարարության աջակցությամբ 2022-ին անցկացված Երգեհոնի միջազգային փառատոնը՝ նվիրված Վահագն Ստամբոլցյանի հոբելյանին:

Նա հիշեցնում է, որ Հայաստանում ապրող երգեհոնահարները հիմնականում աշխատում են կոնսերվատորիայում, ստանում են չափազանց քիչ աշխատավարձ, ուստի նախատեսում են Կամերային երաժշտության կենտրոնին տրամադրել  հաստիքներ, որպեսզի երգեհոնահարները կայուն հաստիքներ ունենան, և աշխատանքի շրջանակներում կձևակերպեն նախարարության պահանջներն ու ակնկալիքները: «Սա կարևոր է. մենք չենք կարող մեզ մշակութային ու քաղաքակիրթ հանրություն համարել, եթե չունենք պատշաճ երգեհոնային արվեստ»,-շեշտում է  նա:

Արա Խզմալյանը շեշտում է՝ աննախադեպ կապիտալ հատկացումները, որոնք սկսվել են 2019 թվականից, շարունակվում են: