«Պրոմտեխ» ընկերությունների խումբը, որը համագործակցում է ռուսաստանյան բանակի հետ, 2023 թվականի ընթացքում, չնայած պատժամիջոցներին, գրեթե ութ միլիոն դոլարի երկակի նշանակության ապրանքներ է ներմուծել ԱՄՆ-ից, Գերմանիայից և ԵՄ այլ երկրներից։ Նման եզրակացության են հանգել գերմանական Süddeutsche Zeitung (SZ), NDR և WDR պարբերականների, ֆրանսիական Le Monde թերթի և ուկրաինական Trap Aggressor նախագծի համատեղ հետաքննության հեղինակները, տեղեկացնում է DW-ն։
Լրագրողների տվյալներով, դեռ 2015 թվականին Ֆրանսիայում ստեղծվել է «Պրոմտեխ»-ի ITGF դուստր ձեռնարկությունը, որի տնօրենը «Պրոմտեխ»-ի հիմնադիր Վալերի Շադրինի որդի Ալեքսեյ Շադրինն էր։ Երկար ժամանակ ընկերությունը զբաղվում էր Ռուսաստան ապրանքների ներկրմամբ։ Սակայն 2022 թվականի մայիսին «Պրոմտեխը» պաշտոնապես հրաժարվեց ITGF-ի բաժնետոմսերից, իսկ նույն տարվա դեկտեմբերին գրանցեց նոր դուստր ձեռնարկություն Թուրքիայում՝ Enütek Makina Sanayi անունով:
Ռուսաաստանի ներմուծման տվյալները վերլուծելուց հետո հետաքննության հեղինակները պարզել են, որ Enütek Makina Sanayi-ն նույնպես երկակի նշանակության ապրանքներ է մատակարարել «Պրոմտեխի» ռուսաստանյան դուստր ձեռնարկություններին, այդ թվում՝ Գերմանիայից։ Նշվում է, որ գերմանացի մատակարարները, կարող էին չիմանալ, որ ապրանքների վերջնական ստացողը կարող էր լինել ռուսաստանյան բանակը։ Սակայն, առնվազն մեկ ընկերություն «պետք է հասկանար», որ Enütek Makina Sanayi-ի միջոցով ապրանքները կարող են ուղարկվել Ռուսաստան, քանի որ մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը այն պարբերաբար «Պրոմտեխին» էր մատակարարում էր նույն այն սարքավորումները, որոնք թուրքական ընկերությունը պատվիրել էր նրանց 2023 թվականին:
Հետաքննության արդյունքներից պարզ է դառնում, որ «Պրոմտեխը» ներկրել է կիսահաղորդիչներ, տրանզիստորներ, գազի զսպանակներ, մետաղական համաձուլվածքներ, ձեռքի մամլիչներ և երկակի նշանակության այլ ապրանքներ։ Դրանց թվում են նաև ամերիկյան Molex ընկերության միկրոսխեմաները, որոնք տեղադրվում են X-101 թևավոր հրթիռներում։ Այս հրթիռներից մեկը հուլիսի սկզբին խոցել էր Կիևի «Օխմատդետ» մանկական հիվանդանոցը։ Հարվածի հետևանքով երկու մարդ էր զոհվել, ևս 50-ը՝ վիրավորվել։ Վալերի Շադրինը դեռ չի ենթարկվել Արևմուտքի պատժամիջոցներին, նշում են հետաքննության հեղինակները։