Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում իր 3-ամյա երեխայի սպանության մեջ կասկածվող անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։
Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 3-ին հայտարարել էր, որ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ բնակավայրում 3-ամյա երեխային խեղդամահ անելու միջոցով սպանել է նրա հայրը։
Ավելի ուշ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ փորձաքննության արդյունքներից պարզ է դարձել, որ 3-ամյա երեխայի մարմնի, գլխի շրջանում հայտնաբերվել են վնասվածքներ։ Քննչական կոմիտեն նաև հայտնել էր, որ երեխային սպանելու կասկածանքով ձերբակալվել է նրա հայրը։
2025 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր, որ որպես անհետ կորած որոնվում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ, 3-ամյա Տիգրան Օվանեսովը։ Մի քանի օր տևած որոնողական աշխատանքներից հետո նոյեմբերի 2-ին ՆԳՆ ոստիկանությունը հայտնեց, որ փրկարարները հայտնաբերել են Տիգրան Օվանեսովի դին։



