
Լեռնային Ղարաբաղում պատերազամից հետո ռազմագերիներին փոխանակելու համար ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորականներն այժմ հաստատում են ցուցակները: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ria.ru-ն։
Լավրովը հայտնել է, որ Ադրբեջանը հայկական կողմին վերադարձրել է նրանց, որոնց անունները եղել են ադրբեջանական ցուցակներում։
Ըստ նրա, սկզբում անհրաժեշտ էր, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կազմեին անհետ կորած անձանց և գերություն մեջ գտնվողների ցուցակները և այդ հարցում հայկական կողմը ամենամեծ խնդիրներն ուներ:
«Ադրբեջանը տվեց այդ ցուցակները, և դրանք աննշան էին, և բոլորը ոչ անմիջապես, սակայն վերադարձվել են՝ նրանք, ովքեր նշված էին ադրբեջանական ցուցակներում»,- բացատրեց ՌԴ նախարարը:
Նա հիշեցրել է, որ հայկական կողմից ցուցակները չեն տրամադրվել անմիջապես և ամբողջությամբ, և դրա հետևանքով տեղի է ունեցել նրանց փոխանակում, ովքեր եղել են նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին մասնակից:
«Բայց հիմա գլխավոր հարցն առաջացել է Հադրութի շրջանում, երբ նոյեմբերի վերջին հայ զինվորների մեծ խմբին այնտեղ էին ուղարկել։ Եվ նրանք՝ 62 հոգի, գերի են ընկել արդեն մեկ շաբաթ անց՝ դեկտեմբերի սկզբին»,- նշել է Լավրովը։
Ադրբեջանական կողմը, ըստ ՌԴ ԱԳՆ ղեկավարի, հայտարարել է, որ «քանի որ այդ մարդիկ այդ շրջան են ժամանել կրակի դադարեցման և բոլոր մարտական գործողությունների ավարտից հետո, նրանց պետք է դիտարկել առանձին կարգով, այլ ոչ թե որպես նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակում»։
«Մենք, այնուամենայնիվ, առաջ ենք տանում այդ հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակենք՝ առաջնորդվելով «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։ Ես խոսել եմ Հայաստանի արտգործնախարարի հետ՝ փորձելով ճշտել նրանց վերջնական ցուցակները, բայց պարզվեց, որ անհետ կորածներն ավելին են, քան 62-ը։ Եվ հիմա մեր զինվորականները կապի մեջ են Հայաստանի զինվորականների, Ադրբեջանի զինվորականների հետ։ Այժմ անհետ կորածների անուններով ցուցակները հաստատվում են»,- ընդգծել է Լավրովը։
Ընդ որում, ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ եթե ԼՂ-ում չլինեին ռուս խաղաղապահներ, ռազմագերիների փոխանակման հարցն ավելի դժվար կլիներ լուծել:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։