«Մեր ձեւով» ժողովրդական շարժման ներկայացուցիչները համացանցում կոչ են անում Վաղարշապատ համայնքի բնակիչներին անպայման մասնակցել կիրակի օրը կայանալիք ՏԻՄ ընտրություններին:
Շարժման անդամները ֆլեշմոբ ակցիա են իրականացնում՝ կոչ անելով մերժել իշխող ուժին եւ նրա «արբանյակ» կուսակցություններին և ձայնը տալ իրական ընդդիմության թեկնածուներին:
Մասնավորապես շարժման անդամներից Արթուր Դանիելյանը նշել է. «Ականատեսն ենք լինում, որ բավականին մեծ թափով փորձ է կատարվում ներկայացնել, որ ՔՊ-ն մեծ վստահություն ունի Վաղարշապատում, սակայն մենք մեծ վստահություն ունենք, որ մեր հայրենակիցները կողմ չեն այն քաղաքական ուժին, որը դեմ է դուրս գալիս Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։ Հետևաբար, խնդրանք ունենք մեր հայրենակիցներին՝ իրենց քվեն տալ այն ուժերին, որոնք ասոցացված չեն ՔՊ-ի հետ»։
Իսկ համակարգող խորհրդի անդամ Ալիկ Ալեքսանյանը գրել է. «Ընտրություններին բարձր մասնակցելիություն = իշխանության պարտություն»։
Աշոտ Մարկոսյանը գրել է. «Հորդորում ենք բոլոր այն մարդկանց, որոնք ունեն ընդդիմադիր հայացքներ, ընտրությունների օրը չմնալ տանը, անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել բոլոր առողջ ընդդիմադիր ուժերի օգտին՝ ներկայիս իշխանություններին զրկելով հետագա ընտրություններին ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործելու հնարավորությունից»։
Հիշեցնենք, հոկտեմբերի 19-ին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը շարժման կողմից դեպի Մայր Աթոռ կազմակերպված ուխտագնացությունից հետո նշել էր, որ «Մեր ձևով» շարժումը Վաղարշապատի ընտրություններին աջակցում է բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը:



