Մեզ ասում են կա խաղաղություն։ Հիմա հասկանանք՝ կա՞ խաղաղություն, ու ի՞նչ խաղաղություն է այն, տևակա՞ն է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, ԱԺ դիմաց ակցիայի ժամանակ հայտարարեց պատմաբան, «Մարտական եղբայրություն միաբանության» անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը։
Նրա խոսքով, արտաքուստ գուցե խաղաղություն կա, սակայն կարևոր է՝ թե ի՞նչ խաղաղություն է այն. «Մենք պետք է հասկանանք, որ այն, ինչ ունենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, պարտության հետևանք է։ Չնայած ճիշտ է ասել ոչ թե պարտության, այլ պարտությունն ընդունելու։ Ասում են՝ մենք առաջ սխալվում էինք, երբ ասում էինք՝ Արցախը Հայաստանն է և վերջ։ Ո՞նց հասկացան, տփոց կերան, հասկացան։ Իրենք իրենց մասին ասում են. Մենք էն տղեքն ենք, որ տփոց ուտելուց հետո մեր սկզբունքներից հետ ենք կանգնում, ընդունում տփողի տեսակետը։ Ասում է՝ ես հիմա դարձա խաղաղասեր։ Այս խաղաղությունը տփոց ուտողի խաղաղություն է»,-հայտարարեց Հրանտ Տեր Աբրահամյանը։
Նա ընդգծեց, որ Հայաստանը մեկ շանս ունի այս իրավիճակից դուրս գալու, դա ուժային դիրքերից խոսելն է։



