Չեմ ուզում ցավեցնել իր տարեց մորը. Դավիթ Համբ...

Մենք գնում ենք մեր աղոթքը բարձրացնելու առ Աստված և մենք հոգևորականի հետ կարող է չշփվենք էլ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, Մասիսում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Կառուցող» դաշինքի կողմից համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ եկեղեցին տևական ժամանակ զավթված է թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանի կողմից, և հնարավոր է իրենց թույլ չտան մտնել եկեղեցի։

«Չեմ կարծում, որ որևէ խնդիր է լինելու, և դուք բոլորդ, եթե դժվար չի, կարող եք գալ տեսնել»,–ասաց նա։

Դիտարկմանը, որ իր մայրը 1,5 տարի Սուրբ Թադեոս եկեղեցի ոտք չի դնում, հատկապես եկեղեցու դեմ արշավից հետո, Դավիթ Համբարձումյանն ասաց. «Ես չգիտեմ՝ մայրս գնում է եկեղեցի, թե չէ, բայց եկեղեցին մեր եկեղեցին է, մեր համայնքի եկեղեցին է, մեր Աստծո տունն է և ինչ-որ մեկը չի կարող արգելել մեզ գնալ մեր եկեղեցի։ Ես իմ թիմակիցներին կոչ արեցի քայլերթով գնալ, ժողովրդի հետ շփվելու, գնալ մեր եկեղեցի մոմավառության»։

Նա հայտարարեց, որ Մասիս համայնքը համերաշխ է. «Մենք փորձել ենք այդ խնդիրների մեջ քաղաքացիներին չներքաշել, հետևաբար մենք նոր համերաշխություն ձևավորելու կարիք չունենք։ Բայց ինձ համար զարմանալի են հարցադրումները, թե արգելում են»։

Ինչ վերաբերում է նրան, որ ոստիկանական գվարդիայով հսկվում է եկեղեցին, նա նշեց. «Ես չեմ կարծում, որ ոստիկանական գվարդիան եկեղեցին է հսկում, եկեղեցին հսկման կարիք չունի։ Եթե ինչ-որ անհատների է հսկում ոստիկանական գվարդիան, ես չեմ կարծում, որ գվարդիան եկեղեցու հետ որևէ առնչություն ունի»։

Հարցին՝ ՔՊ-ական իշխանության հետ հարաբերությունները ինչպե՞ս եք պատկերացնում, Համբարձումյանը պատասխանեց. «Մենք երկար տարիներ աշխատել ենք որպես համայնքային իշխանություններ և կարողացել ենք մեր աշխատանքը այնպես դասավորել, որ քաղաքական տարաձայնություն չխանգարեն համայնքի զարգացմանը, հետևաբար նույն կերպ աշխատելու ենք։ Որոշակի մանր-մունր դեպքեր կան, որոնց մասին չենք աղաղակում, չենք խոսում։ Եթե նման բաներ կլինեն, մեր կողմից կլինի ադեկվատ արձագանք»։

Հարցին՝ ինքը պատրա՞ստ է ներել թեմի նախկին առաջնորդ Արման Սարոյանին, նա պատասխանեց. «Այս հարցին տևական ժամանակ չեմ պատասխանել, չեմ պատասխանել մի բանի համար, որ չցավեցնեմ իր տարեց մորը։ Ես հարգում եմ իր ընտանիքը, այլ հարց է մեր հարաբերությունները։ Խնդրում եմ այսքանով սահմանափակենք այս հարցերը։ Մենք որևէ շփում մեկ տարուց մի քիչ ավել չունենք։

Ես իրեն էլ եմ հարգել, եկեղեցական դիրքն էլ եմ հարգել, որպես մարդ ընդունել եմ։ Եկեք մեր յուրաքանչյուրի արածի գնահատականը թողնենք Աստծուն, թող Աստված տա։ Երբ Ժամանակը կգա, Աստված էդ գնահատականը կտա»։ Դիտարկմանը, որ եթե հիմա գնան եկեղեցի ու Արման Սարոյանը դեմ հանդիման դուրս գա և փորձի ինչ-որ ժեստ անել, մոտենալ, ներում հայցել, փորձի օրհնել, Դավիթ Համբարձումյանն ասաց. «Գնանք, կտեսնենք։ Ես կարգալույծ մարդու օրհնության կարիքը չունեմ»։

Նշենք, որ Մասիսում ՏԻՄ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 13–ին։ ՔՊ–ի կողմից համայնքապետի թեկնածու է առաջադրվել Հովհաննես Հակոբյանը։