Եվրահանձնաժողովը նոյեմբերի 18-ին ընդունել է մի շարք օրենսդրական առաջարկներ՝ 2027 թվականին Ուկրաինային մինչև 45 միլիարդ եվրոյի լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Այս միջոցները կօգնեն լրացնել հաջորդ տարվա համար Ուկրաինայի ֆինանսավորման պակասուրդը, որը գնահատվում է 70 միլիարդ եվրո։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը։
«Եվրոպան կշարունակի առավելագույն աջակցություն ցուցաբերել Ուկրաինային և առավելագույն ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Այս պատերազմի ողջ ընթացքում մենք կենսական նշանակության աջակցություն ենք ցուցաբերել Ուկրաինային.... 2026 թվականի համար Ուկրաինայի ֆինանսական կարիքներն ապահովված են։ Իսկ այսօր մենք առաջարկում ենք լրացուցիչ 45 միլիարդ եվրո հատկացնել՝ 2027 թվականի համար նրա ֆինանսական կարիքների երկու երրորդը հոգալու նպատակով։ Մեր միջազգային գործընկերների հետ միասին մենք կամրապնդենք Ուկրաինան այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի արդար և կայուն խաղաղության հասնելու համար», - հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որի խոսքը մեջբերվում է հաղորդագրության մեջ։
Նշված միջոցներից 20 միլիարդ եվրոն կհատկացվի Ուկրաինայի պետական բյուջեի ֆինանսավորմանը, իսկ 25 միլիարդ եվրոն՝ ռազմական կարիքներին։
Ըստ հաղորդագրության՝ առաջարկվող 45 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցությունը կտրամադրվի սահմանափակ պատասխանատվությամբ վարկի ձևով։ Նախատեսվում է, որ Ուկրաինան մայր գումարը պետք է վերադարձնի միայն այն ժամանակ, երբ «Ռուսաստանը փոխհատուցի Ուկրաինային պատճառված ողջ վնասը»։



