Հայաստանը բավական հավակնոտ բնապահպանական օրակ...

Կանաչ փոխակերպման և կլիմայի փոփոխությանը դիմագրավելու ուղղությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը հիմնված է կանաչ և ցածրածխածնային աճի սկզբունքների վրա, ինչը ենթադրում է հարմարվողականության և մեղմացման ջանքերի ընդլայնում՝ սկսած անտառվերականգնումից մինչև վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներդրումներ: Այս մասին հայտարարել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը՝ ելույթ ունենալով «Ստոկհոլմ+50» բնապահպանական միջազգային համաժողովում։

«Ամբողջ աշխարհի բնապահպական հանրության ուշադրությունը սևեռված է Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում անցկացվող մեծամասշտաբ բնապահպանական իրադարձությանը։ ՄԱԿ-ի՝ Շրջակա միջավայրին նվիրված առաջին համաժողովի 50-ամյակն առիթ է՝ վերագնահատելու, թե ինչ կարող ենք անել մեր առողջության, բարգավաճման, խաղաղության և մոլորակին սպառնացող բնապահպանական մարտահրավերներին դիմակայելու համար: «Ստոկհոլմ+50»-ը դա անելու լավագույն հնարավորությունն է»,- հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ ողջունելով համաժողովի մասնակիցներին և հյուրերին՝ նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Միավորված ազգերի կազմակերպությանը՝ այս կարևորագույն համաժողովն հրավիրելու և կազմակերպման շուրջ ներդրված ջանքերի համար, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Շվեդիայի և Քենիայի կառավարություններին միջոցառմանը հյուրընկալելու համար:

«Հայաստանը բավական հավակնոտ բնապահպանական օրակարգով փոքր լեռնային երկիր է։ Մեր երկիրը նշանակալի ջանքեր է գործադրում էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժնի ավելացման հաշվին ցածրածխածնային զարգացման ապահովման համար, ինչպես նաև անտառապատ տարածքների ավելացման և ընդլայնման ուղղությամբ։ Կայուն զարգացման նպատակները կազմում են մեկ ամբողջություն, և մենք գիտակցում ենք, որ մի ոլորտում գործողությունները կազդեն մյուսների արդյունքների վրա․ զարգացումը հավասարապես պետք է ներառի սոցիալական, տնտեսական և բնապահպանական կայունությունը։

Չնայած COVID-19 համաճարակի և 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված պատերազմի մարտահրավերներին՝ Հայաստանը հավատարիմ է գլոբալ բնապահպանական օրակարգին ավելի սերտ ինտեգրմանը, ինչպես նաև մեր մեծացող կլիմայական հավանությունների դրսևորմանը»,- նշել է նախարարի տեղակալը։

«Արամ Մեյմարյանն իր ելույթում ներկայացրել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը կանաչ փոխակերպման և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմագրավման ուղղությամբ հիմնված է կանաչ և ցածրածխածնային աճի սկզբունքների վրա, ինչը ենթադրում է հարմարվողականության և մեղմացման ջանքերի ընդլայնում՝ սկսած անտառվերականգնումից մինչև վերականգնվող էներգիայի և էներգաարդյունավետության ներդրումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

«Ինչպես նշված է մինչև 2040 թ. էներգետիկայի ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրում, Հայաստանի կառավարության նպատակն է մինչև 2030 թվականը ընդհանուր էներգիայի արտադրության մեջ հասնել արևային էներգիայի մասնաբաժնի 15%-ի։ Իսկ զրոյական արտանետումներով էներգիայի արտադրության մասնաբաժինը կկազմի 54%»,- ընդգծել է նախարարի տեղակալը։

Արամ Մեյմարյանը նշել է նաև, որ Հայաստանի արևային ներուժն ամբողջությամբ իրացնելու և էլեկտրաէներգիայի աճող պահանջարկը կայուն, հուսալի և քիչ ծախսատար ձևով բավարարելու նպատակով Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է արևային էներգիայի մի քանի նախագծեր։

Նախարարի տեղակալը ևս մեկ անգամ վերահաստատել է Հայաստանի Հանրապետության Շրջակա միջավայրի նախարարության պատրաստակամությունը համագործակցելու ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրների, գործակալությունների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և մասնավոր հատվածի հետ՝ համաշխարհային էկոլոգիական օրակարգի առաջմղման նպատակով։