Ինժեներական քաղաքում քննարկվել է բարձր տեխնոլ...

Ինժեներական քաղաքում տեխնոլոգիական համայնքի փորձագիտական խմբի հետ անցկացվել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հերթական հանդիպում-քննարկումը.հայտնում են ԲՏԱՆ-ից:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը:

Նա կարևորել է ոլորտային համայնքի ակտիվ ներգրավվածությունը ռազմավարության մշակման գործընթացում և շնորհակալություն է հայտնել աշխատանքներին մասնակցելու համար։ Նախարարի առաջին տեղակալը նշել է, որ արդյունավետ համագործակցությունը հիմնարար նշանակություն ունի առավել ներառական և երկարաժամկետ ռազմավարության ձևավորման համար։

«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայությունների տնօրեն Տիգրան Ջրբաշյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման միջազգային փորձը, գլոբալ պահանջարկի միտումները և այդ համատեքստում Հայաստանի մրցակցային հնարավորությունները։

Նշենք, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման գործընթացում ԲՏԱ նախարարությանը խորհրդատվական աջակցություն է տրամադրում «Ամերիա» ընկերությունը Fraunhofer ISI-ի, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և «Մոդեքս» ընկերության հետ համատեղ։

Քննարկման ընթացքում դիտարկվել են ռազմավարական համատեքստը, գլոբալ տեխնոլոգիական միտումները և միջազգային շուկաներում Հայաստանի դիրքավորման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է դարձվել պետություն-մասնավոր հատված համագործակցությանը և տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման հարցերին։

Ներկայացվել են նաև օտարերկրյա շուկաների մոնիթորինգի, շահառուների ներգրավման, համակարգված ինկուբատորների (ICI) և ստարտափների տեխնոլոգիական ուղղություններին վերաբերող մոտեցումները։

Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել ոլորտի տեսլականին, տեխնոլոգիական և ռազմավարական առաջնահերթություններին, հիմնական գործողություններին և ակնկալվող երկարաժամկետ արդյունքներին։

Մասնակիցները ներկայացրել են առաջարկություններ և դիտարկումներ՝ ոլորտի զարգացման հեռանկարների, ռազմավարական նպատակների և հետագա քայլերի վերաբերյալ։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստել ոլորտի զարգացմանն ուղղված արդյունավետ ռազմավարության մշակմանն ու հետագա իրագործմանը։