Աշխատանքային այցով Նեապոլում գտնվող Իտալիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել է քաղաքի ղեկավարության, տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային, կրթական, նորարարական և մշակութային ոլորտների ներկայացուցիչների հետ։
Դեսպանին այցի ընթացքում ուղեկցել են Նեապոլի քաղաքապետի խորհրդական Ֆրանչեսկո Սենեսեն և հասարակական ու մշակութային գործիչ Միկկելե Դե Սիմոնեն։
«Այցի շրջանակներում դեսպան Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Նեապոլի քաղաքապետ Գաետանո Մանֆրեդիի, Քաղաքային խորհրդի նախագահ Վինչենցա Ամատոյի, «L’Orientale» համալսարանի ռեկտոր Ռոբերտո Տոտտոլիի, Տարածաշրջանային մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանչեսկա Ամիրանտեի, Նորարարությունների և «Խելացի քաղաքի» հարցերով Նեապորի քաղաքապետի հանձնակատար Վալերիո Դի Պիետրոյի, Կարլո Մորելլիի և նրա մշակութային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և Նեապոլի միջև համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգրկելով կրթության, գիտության, մշակույթի, տեղական ինքնակառավարման, նորարարությունների, «խելացի քաղաքի» լուծումների, տնտեսական կապերի և քաղաքային զարգացման ոլորտները»,– նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ հանդիպումները հնարավորություն են տվել ամրապնդելու երկկողմ ինստիտուցիոնալ կապերը, նախանշելու կրթական և մշակութային փոխանակումների նոր ուղղությունները, ինչպես նաև քննարկելու Հայաստանի հետ գործնական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այցն ընդգծել է փոխադարձ հետաքրքրվածությունը՝ զարգացնելու հայ-իտալական կապերը տեղական և տարածաշրջանային մակարդակներում։



