Արա Աբրահամյանը չի ուզում հեռանալ․ Ավագումովն...

Քանի Հայաստանում օր օրի թեժանում է նախընտրական մթնոլորտը, Մոսկվայում նույնպես կուլիսային լարված պայքար է սկսվել՝ Ռուսաստանի հայերի միության նախագահի աթոռի շուրջ։ Վերջին օրերին այդ պայքարում հայտնվել է նոր  թեկնածու՝ հայտնի բժիշկ-ուռոլոգ, ՌԴ ակադեմիկոս Արամայիս Կամալովը։ Սակայն նրա անունը քննարկումների կենտրոնում է ոչ միայն բժշկական գործունեության պատճառով։ Կամալովը մոսկովյան ազդեցիկ գործարար Կամո Ավագումյանի և քրեական աշխարհում հայտնի Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի խնամին է, ինչն արդեն իսկ բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։

Ռուսաստանաբնակ հայ համայնքում ակտիվորեն քննարկվում է, որ Կամալովի առաջխաղացման համար գործի են դրվել լուրջ ռեսուրսներ։ Նրա ազդեցիկ շրջապատը՝ ամեն մեկն իր ոլորտում, փորձում է հնարավոր բոլոր լծակներով թուլացնել Արա Աբրահամյանի դիրքերը և ճանապարհ բացել նոր թեկնածուի համար։ Սակայն, ի հեճուկս շրջանառվող լուրերի ու կուլիսային ինտրիգների, Արա Աբրահամյանի դիրքերը շարունակում են մնալ բավական ամուր։

ՌՀՄ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Աբրահամյանը ոչ միայն չի պատրաստվում նահանջել, այլև արդեն անցել է հակագրոհի։ Նա շարունակում է ակտիվորեն օգտագործել իր բազմամյա կապերն ու ազդեցությունը ռուսական քաղաքական և հասարակական շրջանակներում՝ ցույց տալով, որ մտադիր չէ տեղի տալ որևէ ճնշման։ Ավելին, նա բացահայտ հայտարարում է, որ պատրաստվում է շարունակել պաշտոնավարել այնքան ժամանակ, մինչև անձամբ որոշի հեռանալու պահը և ինքն ընտրի իր քաղաքական հետնորդին։

Մեր տեղեկություններով՝ Աբրահամյանի թիմում արդեն մշակվել է նաև Կամալովի թեկնածության դեմ կիրառվելիք հիմնական հակափաստարկը։ Խնդիրը, ըստ նրանց, միայն քաղաքական կամ անձնական չէ։ ՌՀՄ ներսում արդեն շեշտվում է այն հանգամանքը, որ հայտնի բժիշկը չի տիրապետում հայերենին, իսկ դա կարող է լուրջ դժգոհություն և դիմադրություն առաջացնել ռուսաստանաբնակ հայերի շրջանում, որոնց համար ազգային ինքնության և լեզվի հարցը շարունակում է մնալ չափազանց զգայուն թեմա։