Հայաստանում Իրանի դեսպան. Հույս ունենք, որ Սյ...

Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին հայտարարել է, որ համաձայն  Խորհրդային Միության քարտեզների,  Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցները առանց արգելքի երթևեկեն։ Այս մասին հաղորդում է Parstoday.com-ը։ Դեսպանն անդրադարձել է նաեւ այն բանին, որ Գորիս Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահները արդեն մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից։ Դեսպանը հավելել է, որ ադրբեջանցիները օտարերկրյա տրանսպորտային միջոցներից մուտքի ու ելքի համար գանձում են ճանապարհային հարկ եւ հիմա իրանական կողմը, այդ թվում նաեւ՝ իրանական դեսպանատունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի  այս հարցը հնարավորինս շուտ լուծում ստանա։

«Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի, խոսքը Տաթևի ճանապարհի մասին է, և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ և ապահով պայմաններում կկատարեն», - նշել է դեսպանը։