Հայաստանին կտրամադրվի 102 մլն եվրո վարկ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի հուլիսի 25-ին: Համաձայնագրով նախատեսվում է բանկի կողմից Հայաստանին տրամադրել 102,000,000 եվրո վարկ՝ առողջության համապարփակ ծածկույթի ներդրման ծրագրի իրականացման համար: Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային առողջապահության որակը, բարձրացնել առողջապահության պետական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելով ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Վարկային ծրագրի նպատակներն են՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը, մասնավորապես՝ ՀՀ առողջապահության նախարարությանն Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ընթացքում, բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել երկրի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները բնակչության շրջանում:

Նշվել է, որ վարկը հիմնականում  օգտագործվելու է Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նպատակով:

Փոխնախարարի տեղեկացմամբ 102,000,000 վարկի տոկոսադրույքի տեսակը լողացող է, վարկի մարման ժամկետը՝ 25 տարի, որից արտոնյալը՝ 15 տարի:

Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվելու են կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ին և հուլիսի 15-ին, իսկ մայր գումարի մարումն իրականացվելու է՝ սկսած 2039 թվականի հուլիսի 15-ից մինչև 2049 թվականի հունվարի 15-ը՝ վարկի գումարի 5 տոկոս հավասարաչափ չափաբաժիններով:

Ծրագիրը գործելու է մինչև 2029 թվականի սեպտեմբերի 30-ը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունն օրենքի նախագծի վերաբերյալ: Հանձնաժողովի նախագահը կարևորել է օրենքի նախագծի ընդունումը՝ նշելով, որ այն նպաստելու է ոլորտում  կարևոր բարեփոխման իրականացմանը: «Կարծում եմ, որ նաև օգտագործելով մեր խորհրդարանական վերահսկողական գործիքները, մեր հանձնաժողովը, մյուս հանձնաժողովները, պետք է նաև ընթացիկ տեղեկություն ստանան, թե ինչպես է բարեփոխումն առաջ գնում, որպեսզի նաև վստահ լինենք, որ մասնահումները ճիշտ են կատարվում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը համաձայնագրի վերաբերյալ ներկայացրել է Արթուր Խաչատրյանը: Ըստ նրա՝ անհասկանալի է՝ նշված վարկը բյուջետայի՞ն է, թե՝ ծրագրային, ինչը խնդրահարույց է:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: Անդրադառնալով գործընկերների հարցադրումներին՝ նա ընդգծել է, որ բարեփոխումը բավականին մեծածավալ է, որի իրականացման համար գումարներ են անհրաժեշտ լինելու: Պատգամավորը նշել է՝ խմբակցությունը հանդիպումներ է ունեցել նաև մասնավոր հատվածի հետ՝ հարցը վերլուծելու, նրանցից նաև առաջարկներ ստանալու համար:

Եզրափակիչ ելույթում Լենա Նանուշյանն անդրադարձել է բարձրացված հարցերին, տվել պարզաբանումներ:

Համաձայնագիրը քննարկվել է Ազգային ժողովի՝ ապրիլի 18-ի հերթական նիստում: